«Ընդունելի դիտողություն է, բայց անընդունելի վերաբերմունք աշխատողի նկատմամբ»,-Politik.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը այսպես մեկնաբանեց երեկ Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթը, որ սենյակներից մեկում եռագույն դրոշը անկյունում դրած էր. վարչապետը այդ սենյակում նստող երիտասարդին ասել էր. «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձեւը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ինչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ թող խոզանոց լինի՞»:
Իրավապաշտպանն ասում է՝ վարչապետը չարաշահում է լիազորությունները.«Նա որևէ մեկի վրա բղավելու իրավունք չունի: Նա կարող է խոսել դրոշի մասին, համաձայն եմ իր հետ, կարող է կոչ անել ընդհանրապես քաղաքացիներին՝ տեսնելով իրավիճակը, բայց աշխատանքից ազատելու լիազորություն չունի»:
Ալեքսանյանը անընդունելի է համարում հանրային պարսավանքը, ստորացնելը.«Վարչապետը պետք է հավասարակշիռ շփվի քաղաքացիների հետ, կարողանա տիրապետել իրեն. մենք պետք է վարչապետից դա տեսնենք»:
Աշխատանքից ազատման դիմում գրել ստիպելն, Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, անօրինական է.«Վարչապետը բանավոր ինչ-որ հրամաններ է տալիս, կամ ասում է՝ ձգվեք, երբ վարչապետն է գալիս. սրանք ևս անընդունելի են»:
Մարիամ Սարգսյան



