Հայաստանի Հանրապետությունը արտահանումների և ներմուծումների մասով ազատ երկիր է, սակայն սահմանային կետերում նրանց համար կան բազմաթիվ խոչընդոտներ, քաշքշուկներ, դժվարություններ, բարդություններ։
Կառավարության մարտի 24-ի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, վարչապետը նշեց, որ վերջին տարիներին էլ ականատես են լինում դեպքերի, երբ մաքսանենգ ճանապարհով անցնող բեռները, կարծես, «Հանրապետության հրապարակից մտնում են Տիգրան Մեծ պողոտա», ինչի կապակցությամբ մի քանի քրեական գործ կա հարուցված։
«Մեր մոտեցումը հետևյալն է, որ մենք ամեն ինչ անենք, որպեսզի օրինապահ, պարտաճանաչ արտահանողների և ներմուծողների համար հնարավորինս թեթևացնենք ընթացակարգերը, որոնց մի մասն էլ, եթե ենթադրենք տաս տարի առաջ արդարացված է եղել, այսօր որևէ ձևով արդարացված չէ, որպեսզի հնարավորինս արագ կարողանան արտահանման և ներմուծման գործընթացներ իրականացնել։ Շատ երկար քննարկումների արդյունքում, ի վերջո, կայացվել են կարևոր որոշումներ և, այո, միայն մաքսային կետերը բեռնաթափվում են հավելյալ արգելափակոցներից, մյուս կողմից էլ ընթացակարգերը պետք է պարզեցնենք հընթացս»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն անհրաժեշտ է համարում արտահանողների և ներմուծողների ռեյտինգավորումը ըստ նրանց վարքագծի, այդ թվում նաև հարկային վարքագծի։
«Եթե մենք տեսնում ենք, որ ընկերությունը պարտաճանաչ տուրքեր և հարկեր վճարող ընկերություն է, մենք ընդհանրապես նրանց համար կարող ենք կանաչ գոտիներ ստեղծել և իրենք գան րոպեների ընթացքում իրենց սովորական թղթաբանությունը իրականացնեն։ Եվ ընդհանրապես հսկողական քաղաքականությունը իրականացվի ռիսկերի գնահատման վրա։ Այսինքն՝ եթե կա տարօրինակ պահվածք, այդ տարօրինակ պահվածքի հետևից գնանք, ոչ թե բոլորին անընդհատ կանգնեցնենք ստուգենք և այդպես շարունակ։ Սա կարևոր է տնտեսական միջավայրի համար, նաև սոցիալական հարակից էֆֆեկտ է։ Ծախսերի կրճատումը ենթադրվում է դրական ազդեցություն գների վրա»,- եզրափակեց Փաշինյանը։