«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը համաձայն չէ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ երեկ Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողությանը հնչեցրած ելույթին, թե հեղափոխությունից հետո հայկական մամուլում ավելի ու ավելի հաճախ են սուտ տեղեկություններ հայտնվում իր և իր ամուսնու մասին: Լրագրողների հետ հանդիպմանը Ենոքյանը նշում է՝ երևույթը նոր չէ, միշտ էլ եղել է, այն ժամանակ էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու իր ընտանիքի մասին էին գրում:
«Սա նորմալ է նաև, երբ ուսումնասիրում եմք միջազգային փորձը: ԱՄՆ նախագահ Թրամփի օրինակը դիտարկենք՝ գրում են ամեն ինչ: Երբ դու պետության ղեկավար ես, հայտնվում ես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, և ոչ միայն քո քաղաքական գործողությունների համար, այլև անգամ քո սովորական կյանքի, ընտանիքի առումով, որովհետև այս ամենից հասարակությունը փորձում է տեսնել, հասկանալ, որ այ եթե այս մարդը թեկուզ սովորական, սոցիալական վիճակում իրեն այսպես է պահում, ապա նա ինչպես է ղեկավարում երկիրը: Կրկնում եմ՝ սա նորմալ է: Պարզապես վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այս ամենին նոր է սկսել ուշադրություն դարձնել, որովհետև նոր է, որ ինքը հայտնվել է այդ ֆոկուսում»,-ասաց Աղասի Ենոքյանը:
Հարցին՝ ինչ կարծի՞ք ունի Հակոբյանի այն մտքի վերաբերյալ, թե հեղափոխությունից հետո ԶԼՄ-ների, հասարկության և պետության միջև անդունդը դառնում է ավելի ու ավելի խորը, «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավարը պատասխանեց.«Կապի կտրվելուն համաձայն չեմ: Այն միշտ եղել է, այսօր էլ կա: Խնդիրն ուրիշ է՝ այս մեկ տարվա ընթացքում խիստ բևեռացում կա լրատվամիջոցների դաշտում: Ինչպես հասարակությունը, այնպես էլ ԶԼՄ-ները փորձեցին բաժանել «սևերի» և «սպիտակների»: Մենք դա զգում ենք անգամ, իշխանության աշխատանքի մեջ՝ որ ԶԼՄ-ներն են համարում «սև», որոնք՝ «սպիտակ»»,-ասաց Ենոքյանը՝ հավելելով,-Անգամ լրագրող պատգամավորներն են ցուցակներ տարածել, թե տեսեք՝ դուք իրավունք ունեք վստահել այս ԶԼՄ-ներին, և իրավունք չունեք վստահելու այս ԶԼՄ-ներին»:
Ըստ Ենոքյանի՝ լրատվամիջոցների հանդեպ ճնշումները սկսվել են դեռ մեկ տարի առաջ: Նա դա պայմանավորում է նաև ԱԺ-ում նախկին լրագրողների մեծ ներկայացվածությամբ: «Այս իշխանությունների շուրջ 20-25%-ը նախկին լրագրողներ են, այսինքն՝ իրենք գիտեն խոսքի ուժը, իրենք գիտեն, որ դարձել են իշխանություն հենց այդ խոսքի ուժի շնորհիվ, հիմա, որպեսզի իրենք ամրապնդեն իրենց իշխանությունը, պետք է մյուսների խոսքի ուժը նվազեցնեն: Ես այդպես կարող եմ բացատրել ներկա իշխանությունների մոտ այս միտումը»,-ասում է Ենոքյանը:
Ամփոփելով՝ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավարը կոչ է անում լրատվամիջոցներին միասնական լինել, չնայել՝ «սև» լրատվամիջոց է, թե՞ «սպիտակ».«Համոզված եղեք՝ եթե մի լրատվամիջոցի հախից եկան, մյուսների նկատմամբ սպառնալիքն ավելի է շատանում»:



