Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երբեք չի դադարի իր ընդդիմախոսների դեմ բարոյազուրկ հնարքներ գործադրելուց։ Բոլոր ընդդիմադիրներն են հասցրել այս ընթացքում հայտնվել Փաշինյանի գեբելսյան քարոզչամեքենայի թիրախում։ Այս իշխանությունների համար չկա բարոյական որևէ սահմանագիծ, որից այն կողմ չեն անցնի։
Օրերս 15 զինվորների ողբերգական մահվանից հետո իշխանությունները կրկին գործի դրեցին լավ աշխատող հնարքը։ Մահվան հանգամանքը փորձեցին կապել այն դասակի հրամանատարի հետ, ով, ի պատասխան լրագրողների հարցերի, հայտարարել էր, թե բանակի այս վիճակի համար մեղավոր են շատերը, այդ թվում քաղաքական իշխանությունը։ Քանի որ դասակի հրամանատարը շատ արագ հանրային մեծ աջակցություն ստացավ՝ փաշինյանական քարոզչամեքենան աշխատեց ուժերի գերլարումով և փորձեց հայ սպայի կերպարը աղավաղել։ Որպեսզի սպայի անկեղծ և տեղին գնահատականներին քաղաքական երանգ տան, նրան կապեցին Հայրենիք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Իշխանական քարոզչամեքենան պնդում էր, թե դասակի հրամանատարին Արթուր Վանեցյանն է հրահանգել գնալ ու խոսել լրագրողների հետ։ Նույն լուրի մեկնաբանություններում արդեն ուղիղ տեքստով իշխանական ֆեյքերը զինվորների մահվան մեջ մեղադրում էին դասակի հրամանատարին, ընդդիմադիր գործիչներին, այդ թվում Արթուր Վանեցյանին։
Ի դեպ, եթե սկզբում լուրը տարածում էին ֆեյք կայքերի միջոցով, երեկ արդեն Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվականը հոդված հրապարակեց, որում հղում անելով չճշտված լուրերին, ասվում էր, որ հայտնի դասակի հրամանատարը Արթուր Վանեցյանի մտերմներից մեկի եղբայրն է, և հենց Վանեցյանի ցուցմամբ է հարցազրույց տվել լրատվամիջոցներին ու քննադատել իշխանությանը։
Իշխանությունների այս գործելակերպը անբարոյականության մի նոր նշաձող սահմանեց։ Փաստորեն, մարդիկ ոչ միայն չեն գիտակցում, թե ինչ աղետ են բերել հազարավոր ծնողների, իսկ այս դեպքում 15 զինծառայողների ծնողների դեպքում, այլև փորձում են իրենց մեղքը գցել ընդդիմախոսների գրպանը։
Իշխանությունների այս հանցավոր քայլերը խորացնում են հանրության մեջ առկա թշնամական մթնոլորտը։ Ադեկվատ քաղաքացին իհարկե այս հանցավոր հիմարություններին չի հավատա, բայց Փաշինյանին կուրորեն հավատացող զանգվածը անտրամաբանական թշնամանքով է լցվում ընդդիմադիրների նկատմամբ, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու։





