Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել։ Վանեցյանի հրաժարականը ամպրոպ էր պարզ երկնքում։ Իշխանության ներսում առկա խնդիրները ակնհայտորեն խորանում են։
Փորձագետները, քաղաքագետները փորձում են հասկանալ, թե ինչու՞ է Վանեցյանը հրաժարական տվել, երբ մեկ շաբաթ առաջ ամեն կերպ փորձում էր հերքել իր հրաժարականի մասին լուրերը։
Կառավարության մեր աղբյուրները հետաքրքիր մանրամասներ են ներկայացնում։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ Վանեցյանի և Փաշինյանի հարաբերությունները երբեք էլ հարթ չեն եղել։ ԱԱԾ տնօրենի համար անընդունելի է եղել վարչապետ Փաշինյանի մշտական ոչ ադեկվատ պահվածքը։
Ըստ նույն աղբյուրի՝ շաբաթներ առաջ Վանեցյանի ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Փաշինյանը հոգեկան որոշակի խնդիրներ ունի։ Փաստաթուղթը եղել է վերջին կաթիլը ԱԱԾ պետի համար, և նա որոշել է այլևս չշարունակել աշխատել Փաշինյանի կառավարությունում։ Հասկանալով ապագայում սպասվելիք զարգացումները՝ Վանեցյանն, ըստ էության, հրաժարվել է Փաշինյանի քայլերի պատասխանատվությունը իր վրա վերցնել։
Փաշինյանի ոչ ադեկվատ վիճակի մասին Վանեցյանը ակնարկել է նաև իր տարածած հայտարարության մեջ․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
Ըստ էության՝ Վանեցյանը վարչապետին մեղադրել է հախուռն լինելու և առաջնայինը երկրորդականից չտարբերելու մեջ։