Վահան Քերոբյանը մասնակցել է «Շինարարություն և...

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և փոխնախարար Նարեկ Տերյանը մայիսի 14-ին YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մասնակցել են «Շինարարություն և ինտերիեր-2021» 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի և արտերկրների կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի խթանումը, իրացման նոր շուկաների որոնումը, շինարարական ոլորտի պատշաճ ներկայացումը մասնագետներին: Ցուցահանդեսը ներդրողներին կօգնի ծանոթանալ շինարարական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին, տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ ծավալել գործընկերային փոխշահավետ համագործակցություն:

Ողջունելով ցուցահանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը, մասնավորապես, նշել է․ «Ցուցահանդեսները շատ կարևոր դեր ունեն տնտեսության ակտիվացման գործում և ամենալավ հարթակներից են գործարար նոր կապեր հաստատելու, բազմաթիվ այլ ընկերությունների հետ բանակցություններ վարելու և նորագույն տեխնոլոգիաների հետ ծանոթանալու համար»։

Միաժամանակ նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աջակցել, որպեսզի ոլորտի ցանկացած ներկայացուցիչ կարողանա իր ունեցած հնարավորություններն առավելագույնս օգտագործել և ստանալ արդյունքներ։

Միջոցառմանը մասնակցում են շինարարության ոլորտում գործող շուրջ 120 կազմակերպություններ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից և այլ երկրներից, որոնք այցելուներին ներկայացնում են շինարարական ոլորտի նորամուծություններն ու առաջարկները: