
Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025թ. օգոստոսի 4-ին «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման մեկնարկին կողմերը փոխանակել են ողջույնի խոսքեր և ընդգծել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունների և բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը, որ հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
Զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային ընդհանուր իրավիճակի և զարգացումների շուրջ՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար։