
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամներին։
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ողջունելով դեսպանին և երիտասարդ դեսպաններին՝ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել նախաձեռնության անդամների ակտիվ գործունեությունը՝ այն համարելով Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության արտահայտություն և կարևոր խթան։ Նա ընդգծել է ԵԵԴ նախաձեռնության առանձնահատուկ դերը՝ որպես կապող օղակ եվրոպական և հայաստանյան երիտասարդների միջև՝ կարևորելով նման ծրագրերի ազդեցությունն ինտեգրացիոն գործընթացների, կրթության ու երիտասարդների ներառականության խթանման տեսանկյունից։
Վասիլիս Մարագոս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ներկայացնելով ԵԵԴ-ի ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում ԵԵԴ անդամները անմիջական և ակտիվ երկխոսության մթնոլորտում ներկայացրել են իրենց նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստանում եվրոպական արժեքների տարածմանը, ժողովրդավարության, ժողովրդավարական ինստիտուտների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը։ Նրանք անդրադարձել են նաև մարզերում բնակվող երիտասարդների հետ տարվող աշխատանքին, ընդգծել են համատեղ ծրագրերի իրականացումը և Հայաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթների ուսումնասիրման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Երիտասարդ դեսպանները կարևորել են մշակույթների միջև երկխոսության զարգացումն ու փոխճանաչողության խթանումը՝ որպես խաղաղության, համագործակցության և փոխըմբռնման հիմք։
Հանդիպման ավարտին մասնակիցները նախագահին ուղղել են իրենց հուզող հարցերը՝ քննարկելով կրթության ոլորտի, ՀՀ-ԵՄ ինտեգրման, պետական կառավարման համակարգի զարգացման և այլ արդիական խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների ուղղությունները։