Իսկ ո՞վ է գնահատողը, թե տվյալ դիտորդական առաքելությունը արդյոք քաղաքական անաչառությունը պահպանում է թե` ոչ: Գնահատողը ԿԸՀ–ն է, որը ամբողջությամբ իշխանության կարգավորման և վերահսկողության ներքո է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Ընտրական օրենսգրքում» ՔՊ–ի ներկայացրած փոփոխությունների նախագծին։
«Ավելին, չկան այս օրենքում նույնիսկ չափանիշներ։ Օրինակ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչպե՞ս կարող է բնութագրել, որ այս կամ այն դիտորդական կազմակերպությունը ենթադրաբար ֆինանսավորվում է որևէ թեկնածուի կամ կուսակցության կամ ընդդիմադիր անձի։ Չկա որևէ չափանիշ, տրված է ընդամենն ասում է, որ եթե այդ պահանջները խախտում եք, զրկվում եք դիտորդական առաքելությունից։
Անհնար է, որ դու իշխանության օգտին իրականացվող դիտորդական առաքելությանը կարողանաս զրկել։
Բերեմ օրինակ, բոլորը հասկանում են, որ Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը անթաքույց աջակցում է իշխանությանը, ինչքան էլ նա փորձի անաչառ երևալ։ Այսինքն գործող քաղաքական ուժի հանրային աջակցության պրոյեկտ է։ Հիմա իրենք դիտորդական առաքելություն պետք է իրականացնեն, և պետք է բացահայտեն ֆինանսավորման աղբյուր։ Օրինակ, ես փոխանցում անեմ իրենց այդ կազմակերպությանը, այդ դեպքում ԿԸՀ–ն, եթե ելնենք հրեշտակության կանխավարկածից, պիտի զրկի Իոաննիսյանին դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից։
Բայց չի զրկելու, որովհետև այս փոփոխությունը ԿԸՀ–ին հնարավորություն է տալիս, որ պատշաճ համոզվի՝ արդյոք Իոաննիսյանը պաշտպանում է իշխանությանը, թե չի պաշտպանում։
Այս նախագծի նպատակը վերահսկելի դիտորդական առաքելություն իրականացնելն է, և խորհրդի նիստում հրապարակային էլ հայտարարեցին, որ վերջին ՏԻՄ ընտրություններում մենք տեսել ենք դիտորդական առաքելություններ, որոնք անաչառ չեն եղել և քննադատել են իշխանություններին։ Այսինքն, եթե դիտորդական առաքելությունը քննադատում է իշխանությանը կամ որևէ իշխանական թեկնածուի, ապա այդ անձը զրկվելու է այդ կարգավիճակից։ Սա անընդունելի է, սա հակասում է միջազգային պարտավորություններին»,– հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Արծվիկ Մինասյանը նաև հայտնեց, որ ինքը զրուցել է ԿԸՀ նախագահի հետ, հարցրել է, թե ինչպե՞ս են գնահատելու, թե ասենք, ֆինանսավորման բացահայտումը որքանո՞վ է ազդում կամ չի ազդում այս կամ այն դիտորդական առաքելության անաչառության վրա. «Նա չունի պատասխան, ասում է՝ դե կքննարկենք այդ պահին։ Այսինքն առանց չափանիշի դու ո՞նց ես գնահատում, և որպես կանոն այդ զրկումները տեղի են ունենալու իշխանությունների այլանդակությունները բարձրաձայնող դիտորդական առաքելությունների համար»,– ընդծեց Մինասյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է դիտորդների անաչառությանն ու քաղաքական չեզոքությանը։ Այն ներկայացրել է ՔՊ–ն հրատապ ձևով, քանի որ առաջիկայում սպասվում են ընտրություններ։



