«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զեկույց է պատրաստել մեր ուժի նկատմամբ իրականացվող հետապնդումների և միջամտությունների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
«Իշխող ուժի կողմից սահմանափակումների խախտումների վերաբերյալ զեկույցը ներկայացնելու ենք գործող բոլոր միջազգային կառույցներին։ Անմիջական գործընթաց հնարավոր է, որ առկա չէ, բայց գործընկերների հետ արդեն իսկ արձանագրումներ ունենք։ Մենք կապի մեջ ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ, այն երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում, նախնական զեկույցում՝ անկողմնակալության հետ կապված, արդեն որոշակի հանգամանքների անդրադարձ կատարվել է։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գործընկերները ևս ասել են, որ օրենքի փոփոխությանն անդրադառնալու են վերջնական զեկույցում»,- նշեց Մելոյանը։
Նրա խոսքով՝ տեխնիկապես լրջագույն խնդիրներ է իշխող ուժն առաջադրել՝ խախտելով ներպետական օրենսդրությունը։ Մելոյանը նկատեց, որ Սամվել Կարապետյանը ՔՊ-ի համար լրջագույն վախի պատճառ է, ու դա բացատրելի է, որովհետև Սամվել Կարապետյանն իր հանրային հեղինակությամբ, բոլոր չափումներով անցել է Նիկոլ Փաշինյանին։
Նա ընդգծեց, որ իրենց նկատմամբ օրենքը բնականոն չի կիրառվում, այլ երկակի ստանդարտներով, քաղաքական միջամտություններն էլ բոլորի համար ակնհայտ են։ Ըստ «Ուժեղ Հայաստանի» անդամի՝ նման միջամտությունները վերջնական արդյունքում կարող են հարցականի տակ դնել ողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։
Հիշեցնենք, որ տասը ամիս տևած քննությունից հետո ապրիլի 15–ին մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատավարությունը՝ մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:
Առաջին նիստին Կարապետյանների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ առաջնահերթ քննել Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: Ապրիլի 15–ի նիստը հետաձգվել էր 2 օրով և այն շարունակվում է այսօր։
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ կարևոր է, որ Սամվել Կարապետյանը լիարժեք մասնակցի քարոզարշավին, այդ թվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարին, որը նշանակված է ապրիլի 21–ին։



