Միասնության հանրահավաքից հետո իշխանականները խառնվել են իրար։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17–ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
«Իրենք տեսնում են, որ օրեցօր մեր ուժը ավելի ուժեղ է դառնում, «Ուժեղ Հայաստանը» մոտենում է իրականությանը, և այդ հանրահավաքից հետո իրենք սկսել են ապօրինի գործողություններ։ Բերման են ենթարկվում մեր քաղաքական թիմի կանայք։ Բայց նույնիսկ այն պարագայում, երբ մեր քաղաքական թիմի բոլոր անդամները բերման ենթարկվեն, մենք միևնույնն է կանգ չենք առնելու։
Սամվել Կարապետյանը իր կալանավորման առաջին օրվանից հստակ ներկայացրել է, որ մենք գնալու ենք մինչև վերջ, մասնակցելու ենք հունիսի 7–ի ընտրություններին և ունենալու ենք ուժեղ Հայաստան, փոփոխությունները գալիս են։
Խնդրում ենք չվախենաք, խնդրում ենք չդադարեք պայքարել անարդարության դեմ և շատ շուտով, ընդամենը մի քանի տասնյակ օրերից մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան, ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,–ասաց նա։
Դատարանի մոտ հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Սամվել վարչապետ»։
Հիշեցնենք, որ տասը ամիս տևած քննությունից հետո ապրիլի 15–ին մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատավարությունը՝ մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:
Առաջին նիստին Կարապետյանների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ առաջնահերթ քննել Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: Ապրիլի 15–ի նիստը հետաձգվել էր 2 օրով և այն շարունակվում է այսօր։
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ կարևոր է, որ Սամվել Կարապետյանը լիարժեք մասնակցի քարոզարշավին, այդ թվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարին, որը նշանակված է ապրիլի 21–ին։



