«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրությունն...

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 22-ի նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված անձ Գոհար Մելոյանի՝ ԿԸՀ հղված պարզաբանում ակնկալող դիմումը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

«Պարզաբանումը վերաբերելի է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերջին փոփոխություններին, ինչպես նաև կուսակցության ստացած օգտահաշվի անվան վերաբերյալ հարցադրումներին։

ԿԸՀ-ն պարզաբանման մեջ արձանագրել է, որ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների  շրջանակներում կուսակցությունների (կուսակ­ցությունների դաշինքների) առաջադրման և գրանցման նկատմամբ կիրառվում են ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը՝ 2026 թվականի ապրիլի 7-ի ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքով նախատեսված փոփոխությունները և լրացումները։

2026 թվականի ապրիլի 7-ի դրությամբ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում ԿԸՀ-ն որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի իրավասուբյեկտության հարցի ներառյալ կուսակցությունների դաշինքի անվանման խնդրի չի անդրադարձել և այդ ժամանակահատվածի համար չունի այդպիսի լիազորություն։

Արձանագրենք նաև, որ ԿԸՀ-ն ստացել է նույն սուբյեկտի կողմից օգտահաշվի անվան փոփոխության դիմումը և այն բավարարել է։ Այսպիսով, դաշինքի օգտահաշվի անվանումն է՝ «Ուժեղ Հայաստան»»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով մասնակցելու մասին, սակայն դրանից օրեր անց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկով փոփոխություն արվեց Ընտրական օրենսգրքում, որի համաձայն՝ դաշինքներն ու կուսակցությունները չեն կարող իրենց անվան մեջ անձնանուններ կիրառել։