Ութ թուրք ոստիկան վնասվածքներ է ստացել ճանապարհի եզրին կանգնած ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունից, երբ նրանց միկրոավտոբուսն անցել է հարավարեւելյան Դիարբեքիր նահանգի խճուղու այդ հատվածով, տեղեկացրել է Reuters-ը։
Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ կալանավորվել է երկու մարդ, որոնց կասկածում են պայթյունի իրականացման մեջ։ «Ժամը 05.10-ին ճանապարհին կանգնած ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, երբ ոստիկանական մեքենան Դիարբեքիրում գնում էր աշխատանքի»,- ասել է նա։
Դիարբեքիրի նահանգապետի աշխատակազմից հաղորդել են, որ պայթյունի հետեւանքով ոչ ոք լուրջ չի վնասվել, բայց ութ մարդ, որոնք գտնվել են զրահապատ մեքենայում, տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժզննման։
Աղբյուրները տեղեկացրել են, որ պայթյունը տեղի է ունեցել շուկայի մոտ, շրջանի ամենամեծ կենտրոնից ՝Դիարբեքիրից մոտ 10 կիլոմետր հարավ։



