Ու՞ր է անհետացել Րաֆֆի Հովհաննիսյանը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը տարբեր տարիների Հայաստանի «փրկության» համար քաղաքական գործընթացների է մասնակցել։ 2013 թվականի նախագահական ընտրություններին նրան աննախադեպ թվով քաղաքացիներ հավատացին ու նա հավաքեց ավելի քան 540 հազար ձայն։ 

Երկար տարիներ Րաֆֆի Հովհաննիսյանը Արցախի խնդրի լուծման մասին էր խոսում, վստահեցնում էր, որ իրենք ունեն լուծում։ Ավելին, նա եզակի գործիչներից էր, որ խոսում էր Արևմտյան Հայաստանի հնարավոր վերադարձի մասին և այդ ուղղությամբ Հայաստանի կողմից քայլեր իրականացնելու անհրաժեշտության մասին։

Տարօրինակ կերպով Րաֆֆի Հովհաննիսյանը անհետացել է քաղաքական ասպարեզից այն ժամանակ, երբ Արցախի մեծ մասը հանձնված է, իսկ Հայաստանը մեծ վտանգի առաջ է կանգնած։  Արևմտյան Հայաստանը վերադարձնել ցանկացող Հովհաննիսյան, անգամ, կես բերան կծու խոսք չի ասել Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի մասին։ 

Րաֆֆի Հովհաննիսյանի անհետանալն ու ամիսների լռությունը լավագույն ապացույցն են այն բանի, որ Հայաստանում մինչև 2018 թվականը եղած բոլոր ընդդիմադիր ուժերն էլ անպատասխանատու են եղել (բացառությամբ եզակի գործիչների) ու շարունակաբար գեղեցիկ խոսքերով մոլորեցրել են հանրությանը, ունենալով միայն  իշխանության գալու և պետական բարիքներից օգտվելու նպատակ։