Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Երևան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է Հոկտեմբերի 27-ի հանցագործության հիմնական դերակատար Նաիրի Հունանյանի հետ։
Հանդիպումից հետո Արման Բաբաջանյանը հանդես եկավ մի շարք հարցարզույցներով, որոնց ժամանակ սենսացիոն հայտարարություններ արեց։ Ակնհայտ է, որ հենց սա էր Արման Բաբաջանյանի և նրան քրեակատարողական հիմնարկ` Հունանյանի հետ հանդիպման ուղարկածների պլանը։
Նախ Արման Բաբաջանյանն այս հանդիպման արդյունքում «Հոկտեմբերի 27»-ի գործով դարձավ քաղաքական գործոն։ Եվ քանի որ նա ավելի քան երկու ժամ խոսել է Հունանյանի հետ և ահաբեկչի «մտքի գոհարները» փոխանցվում է հանրությանը ,ինչ-որ իմաստով Բաբաջանյանը որոշ ժամանակ նրա մամուլի խոսնակի դերը կտանի։ Հունանյանն` Արման Բաբաջանյանի բերանով մասնակից է դառնում Հայաստանի ներքաղաքական, գուցե նաև արտաքին քաղաքական պրոցեսներին։
Արման Բաբաջանյանը Հունանյանի հետ հանդիպմամբ ձեռք է բերել «լեգիտիմություն»` այս գործով ցանկացած մեկին մեղադրել։ Առաջին քայլն արդեն արված է՝ լրատվամիջոցների հետ զրույցում Բաբաջանյանը մեղադրել է Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանին՝ Հունանյանին իբր դուխ տալու մեջ։
Հիմա Արման Բաբաջանյանն իրական սպառնալիք է քաղաքական դաշտի համար։ Նա լինելով իշխանությանը հավատարիմ «գործիք» կարող է ցանկացած մեկին պիտակավորել և հայտարարել, որ ըստ Նաիրի Հունանյանի իրեն փոխանցած տեղեկությունների այս կամ այն քաղաքական գործիչը կապ է ունեցել ահաբեկիչների հետ։
Շանտաժի այս ձևը բավական հոգեհարազատ է նոր իշխանություններին և սպասելի է, որ այն գործի է դրվելու Փաշինյանի ընդդիմախոսների դեմ։ Բայց երևի թե քաղաքական դաշտն այս իրավիճակից ելքեր կարող է գտնել` ի վերջո մեր պետությունը խորհրդային անցյալ ունի, որտեղ ամեն մարդ կարող է գնդակահարության դատապարտվել՝ ժողովուրդների հոր՝ Ստալինի դեմ դավադրությանը մասնակից լինելու համար։ Փորձառու է մեր ժողովուրդը։
Անի Սահակյան



