Ուկրաինայում ռեկորդային թվով տղամարդիկ են փախ...

Ուկրաինան բախվում է զինվորների աճող պակասի հետ, քանի որ ռեկորդային թվով տղամարդիկ են փախչում Եվրոպա, հարցազրույցում ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ Politico-ի փոխանցմամբ։

«Ռուսական զորքերն անդադար առաջ են շարժվում՝ ինպես համակարգչային խաղում. նրանք պարզապես շարունակում են գալ, նրանց չեն հետաքրքրում ընկած զինվորները», - ասել է Կլիչկոն։

Գործող օրենքի համաձայն՝ ուկրաինացիներին կարող են զորահավաքի կանչել 25 տարեկանից։ Կլիչկոն առաջարկել է փոխել այն։

«Անցյալում բանակում ծառայում էին 18 տարեկանները, բայց նրանք երեխաներ են: Այժմ Ուկրաինայում կարող են զորահավաքի կանչվել միայն 25 տարեկանից: Դա կարելի է իջեցնել՝ մինչև 23 կամ 22», - ասել է Կիևի քաղաքապետը:

Քանի որ միլիոնավոր ուկրաինացիներ այժմ արտասահմանում են, Կիևի քաղաքապետն ասել է, որ երկրի ապագան կախված է այդ արտահոսքի վերացումից, երբ խաղաղությունը վերականգնվի։

«Մենք ուրախ կլինենք, եթե երիտասարդների կեսը վերադառնա: Բայց դրա համար մեզ անհրաժեշտ է խաղաղություն, աշխատատեղեր և կյանքի լավ որակ։ Պատերազմից հետո մենք բախվում ենք հսկայական մարտահրավերների», - հավելել է նա: