Ուկրաինայում հայտարարել են, որ Զելենսկին Թրամ...

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանության ժամանակ Վլադիմիր Զելենսկին ոչ մի սխալ չի գործել, և Ուկրաինան չպետք է ներողություն խնդրի ԱՄՆ-ից այս կոնֆլիկտի համար։ Այս մասին նա ասել է Le Point-ին տված հարցազրույցում։

«Նա միանգամայն իրավացի էր թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ՝ փորձելով մեր ամերիկացի գործընկերներին փոխանցել հիմնական միտքը՝ առանց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ոչինչ չի արվի։ Մոսկվայի կամավոր զիջումների վրա հույս դնելով հնարավոր չէ դրական արդյունքների հասնել։ Առանց Ռուսաստանի կողմից հարկադրանքի խաղաղ բանակցություններն անհնար են... Հետևաբար, մենք ներողություն չենք խնդրի ենթադրյալ սխալի համար, որը տեղի չի ունեցել»,- ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը, հաղորդում է УНИАН-ը։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը շարունակում է մնալ Ուկրաինայի գործընկերը՝ չնայած վերջին օրերի բոլոր բուռն քննարկումներին։ Պոդոլյակը նշել է, որ Ուկրաինան պետք է շարունակի կառուցողական հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ և լուծել տարաձայնությունները երկկողմ հարաբերությունների շրջանակներում։

Նա նաև ասել է, որ հանդիպումը «որոշ առումներով օգտակար էր»:

«Կարեւորելով մեր տարբերությունները՝ մենք կարող ենք հստակեցնել մեր տեսակետները։ Ի տարբերություն մեզ, ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ռուսաստանը երկիր է, որի հետ կարող է բանակցել։ Բացահայտելով մեր տարաձայնությունները՝ ես հույս ունեմ, որ այնուհետև մենք կարող ենք կոնսենսուսի հասնել մի շարք կետերի շուրջ, մենք չենք կարող բանակցել Ռուսաստանի հետ, նա խաղաղություն չի ուզում։ Նա չի ցանկանում գլոբալացված աշխարհ, որտեղ իշխում է Միացյալ Նահանգները», - նշել է Պոդոլյակը: