Ուկրաինայում հակաօդային պաշտպանության ռեսուրս...

Ուկրաինայում հակաօդային պաշտպանության ռեսուրսների պակաս կարող է առաջանալ, եթե Միացյալ Նահանգներից ռազմական մատակարարումները դանդաղեն այն ժամանակ, երբ Մոսկվան ուժեղացնում է իր օդային հարձակումներն ուկրաինական քաղաքների և ենթակառուցվածքների վրա։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով արևմտյան և ուկրաինական աղբյուրներին։

Հակաօդային պաշտպանության միջոցների պակաս հնարավոր է այն դեպքում, եթե Մոսկվան պահպանի իր հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումների ներկայիս բարձր տեմպը կամ ավելացնի այն, նախազգուշացրել են թերթի զրուցակիցները։ FT-ը գրում է, որ Ռուսաստանն ակտիվացնում է հարվածները ցրտերի սկսվելուց առաջ, ինչը արագացնում է ուկրաինական պաշարների սպառումը։

«Ժամանակի հարց է, թե երբ մենք կսպառենք զինամթերքը», - թերթը մեջբերում է ամերիկյան մատակարարումների ընթացքին ծանոթ աղբյուրի խոսքերը։

Թերթի փոխանցմամբ՝ դեֆիցիտն ավելի է սրվել այն բանից հետո, երբ հունիսին Պենտագոնն առաջնահերթություն է տվել սեփական զենքի պաշարների համալրմանը, ինչի պատճառով Կիևի համար նրա ՀՕՊ սպառազինության մատակարարումները դարձել են անկանոն և կրճատվել են ծավալով։ Այլ հրթիռներ, որոնք Ուկրաինայի համար ուղղակիորեն գնվում են արտադրողներից, արտադրվում են խմբաքանակներով և այդ պատճառով մատակարարվում են ընդհատումներով։

Անցած շաբաթավերջին Ռուսաստանը Ուկրաինայի վրա հարձակվել է ռեկորդային թվով՝ 805 անօդաչու թռչող սարքերով, Կիևում հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։