Ուկրաինայից և Ռուսաստանից է կախված հաստատել թ...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 5-ին ողջունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կոչը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ՝ նշելով, որ ժամանակն է վերսկսել երկխոսությունը Մոսկվայի հետ։ Սյս մասին հաղորդում է ֆրանսիական Le Monde պարբերականը։

«Ես կարծում եմ, որ այժմ Ուկրաինայից և Ռուսաստանից է կախված հաստատել թե՛ հրադադար, թե՛ խաղաղության ծրագիր։ Եվրոպացիներն են, որ կարող են օգնել այս հարցում», - ասել է Մակրոնը Չեռնոգորիայում Եվրոպական միության և Բալկանյան երկրների առաջնորդների գագաթնաժողովում։

Ավելի վաղ Զելենսկին Ռուսաստանի առաջնորդին ուղղված բաց նամակում առաջարկել էր անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։

Մակրոնը նամակը համարել է «լավ նախաձեռնություն»։ Նա նշել է, որ ցանկանում է «նայել ապագային և քննարկել, թե ինչպես կարող են վերականգնել երկխոսությունը՝ հրադադարի և խաղաղության հաստատման համար»։

«Կարծում եմ՝ հիմա ժամանակն է՝ հաշվի առնելով, թե ինչպես է զարգանում իրավիճակը», - շեշտել է նա։

«Մենք նաև շատ ենք ցանկանում Ռուսաստանի հետ ունենալ քննարկումներ և մտքերի փոխանակումներ մեր ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այսինքն՝ մեր սեփական անվտանգությունը, այն, թե ինչպես ենք մենք գոյակցում որպես հարևաններ, և, իհարկե, Ուկրաինայի շահերը պաշտպանելու համար», - ասել է Մակրոնը։

Մակրոնը նաև նշել է, որ առաջիկա օրերին կհանդիպի Զելենսկու հետ՝ ընդգծելով, որ հուլիսի 14-ին ազգային տոնի առթիվ Փարիզ է հրավիրել արևմտյան երկրներին, որոնք ներգրավված են «կամեցողների կոալիցիայում»՝ աջակցելու հրադադարի մասին ցանկացած համաձայնագիր կնքելուն։

Եվրոպայում բուռն քննարկումներ են ծավալվել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու վերաբերյալ, քանի որ ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի շուրջ բանակցությունները դադարեցվել են:

ԵՄ-ն և Գերմանիան նույնպես ողջունել են Զելենսկու կոչը՝ Կրեմլի ղեկավարի հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ։