 
     
								Ուկրաինայի պաշտպանության ուժերը ոչնչացրել են երեք «Օրեշնիկներից» մեկը ՌԴ տարածքում։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը, փոխանցել է УНИАН-ը։
«Մինչ այդ մենք ոչ մի անգամ դա չենք հնչեցրել։ Բայց մեք կարող ենք ասել, որ երեք «Օրեշնիկներից» մեկը հաջողությամբ վերացվել է նրանց Կապուստին Յար տարածքում ռազմական հետախուզության, արտաքին հետախուզության եւ ազգային անվտանգության ուժերի կողմից։ Դա շատ հաջող գործողություն էր, այդ պահին դրա մասին չի ազդարարվել։ Այս մասին զեկուցվել է միայն Ուկրաինայի նախագահին, ինչպես նաեւ այդ մասին իմացել են մի քանի այլ երկրների նախագահներ։ Դա եղել է այն պահին, երբ «Օրեշնիկ» անվանումը ոչ ոք լայն հասարակությունում չէր օգտագործում։ Եվ ռուսաստանցիներն այդ ժամանակ դրանով առանձնապես չէին էլ սպառնում։ Եթե չեմ սխալվում, դա նախանցած ամռանն էր»,- ասել է Մալյուկը։
Միեւնույն ժամանակ, Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն նախատեսում է «Օրեշնիկ» տեղակայել Բելառուսի տարածքում։ Նրա խոսքով՝ արժե, որ դրան ուշադրություն դարձնեն արեւմտյան գործընկերները։
«Մենք հասկանում ենք․ դրանց գործողության մոտավոր շառավիղը 5 500 կիլոմետր է։ Եվ կա 700 կիլոմետր մեռյալ գոտի։ Այսինքն՝ եվրոպացիները, հատկապես արեւելյան Եվրոպան պետք է դրան ուշադրություն դարձնեն։ Ինչպես եւ բոլորը։ Պետք է ուշադրություն դարձնել այդ ռիսկերին»,- բացատրել է նա։







