Ուկրաինան «մի քանի ամսում» կարող է տարրական միջուկային ռումբ ստեղծել, եթե Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելուց հետո կանգնեցնի Կիեւի ռազմական օգնությունը, գրել է The Times-ը՝ հղում կատարելով Ուկրաինայի ՊՆ-ի համար պատրաստված փաստաթղթին։ Պարբերականը զեկույցի հեղինակ է անվանում Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի բաժնի վարիչ Ալեքսեյ Իժակին։
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինան կարող է արագ միջուկային զենք ստեղծել պլուտոնիումի հիման վրա՝ օգտագործելով այն տեխնոլոգիան, որը նման է նրան, ինչն օգտագործվել է «Տոլստյակ» ռումբն ստեղծելիս։ Այդ ռումբն է նետել ԱՄՆ-ը ճապոնական Նագասակի քաղաքի վրա 1945թ. օգոստոսի 9-ին։ Հաշվետվությունում նշվել է, որ նման զենքի ստեղծումը «մեծ դժվարություն չի ներկայացնում 80 տարի անց»։
Հաշվի առնելով ընթացիկ պայմանները՝ Ուկրաինան հնարավորություն չունի ստեղծել եւ շահագործել մեծ օբյեկտներ ուրանի հարստացման համար, ուստի նա կարող է օգտագործել պլուտոնիումը՝ ստացված ԱԷԿ-ում։ «Ուկրաինայում պլուտոնիումի թույլատրելի քաշը կազմում է մոտ 7 տոննա։ Դա բավական է հարյուրավոր մարտագլխիկներ ստեղծելու համար մի քանի կիլոտոննա տակտիկական հզորությամբ»,- նշված է փաստաթղթում։
Ուկրաինական միջուկային ռումբի հզորությունը կկազմի «Տոլստյակի» մոտ տասներորդ մասը, նշված է զեկույցում. «Դա կբավականացնի ռուսական ավիաբազայի կամ ռազմական, արդյունաբերական կամ լոգիստիկ օբյեկտի ոչնչացման համար։ Միջուկային լիցքի ճշգրիտ հզորությունը չի կարելի կանխատեսել պլուտոնիումի տարբեր իզոտոպերի պատճառով, որոնք կօգտագործվեն դրանում»։