Ուկրաինայի Զինված ուժերը անօդաչուների օգնությամբ գրոհել են ռազմական օդանավակայան Սարատովի մարզում, տեղեկացրել է նահանգապետ Ռոման Բուսարգինը իր թելեգրամ-ալիքում։ Նախնական տվյալներով՝ զոհերից եւ ավերածություններից հաջողվել է խուսափել։
Անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են, հավաստիացնում է Բուսարգինը։ Պատահարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Պաշտպանության նախարարությունն առայժմ պաշտոնական տեղեկություններ չի հրապարակել ռուսական մարզերում խփված դրոնների մասին։
Սարատովի մարզի Էնգելս քաղաքում է գտնվում «Էնգելս-2» ավիաբազան, որը ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմավարական ռմբակոծիչների բազավորման կարեւոր կետերից մեկն է եւ օգտագործվում է Ուկրաինայի տարածքի դեմ հրթիռներ արձակելու համար։ Ավիաբազայից մինչեւ ուկրաինական սահման հեռավորությունը գերազանցում է ուղիղ գծով 700 կիլոմետրը։ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո օդանավակայանը բազմիցս ենթարկվել է գրոհների։
2022թ. դեկտեմբերի վերջին ավիաբազային մոտենալիս խփվել է մի անօդաչու, որը շարժվում էր փոքր բարձրության վրա։ Բեկորների անկման հետեւանքով զոհվել են երեք զինծառայողներ, որոնք գտնվում էին օդանավակայանի տարածքում։ Տեխնիկան, սակայն, ՊՆ հավաստիացմամբ, չէր վնասվել։
2023թ. սեպտեմբերին Սարատովի մարզում որսացել էին եւս մեկ դրոն, որը, ինչպես ենթադրել են ռուս զինվորականները, ուղղվել էր դեպի այդ ավիաբազան։
2024թ. օգոստոսին դրոնները նորից փորձել են գրոհել օդանավակայանը։ Այդ ժամանակ մի անօդաչուի բեկորներն ընկել էին Էնգելսի բնակելի տներից մեկի վրա։ Նոյեմբերի 11-ին նոր գրոհի սպառնալիքի պատճառով աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել էր Սարատովի «Գագարին» օդանավակայանը։