Ուկրաինան եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են չհաշվել Վ...

Ուկրաինան եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ օգտակար հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագրում, որը մտադիր են կնքել  երկու երկրները, չպետք է հաշվի առնվի ռազմական օգնությունը, որը Վաշինգտոնը ցուցաբերել է մինչեւ փաստաթղթի ստորագրումը, տեղեկացրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նա իր սոցցանցում գրել է, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Վաշինգտոն կատարած իր այցի եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ բանակցությունների ժամանակ։ Իշխանության գալուց հետո նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է փոխհատուցում ստանա Ուկրաինային տրամադրվող ռազմական եւ այլ օգնության համար, եւ միեւնույն ժամանակ նշել է այդ աջակցության այնպիսի թվեր, որոնք Կիեւը եւ տնտեսական փորձագետները մի քանի անգամ բարձրացված են համարում։ Սպիտակ տան ղեկավարն օգտակար հանածոների համատեղ արդյունահանման համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը բացատրել է հենց ԱՄՆ ծախսերը փոխհատուցելու անհրաժեշտությամբ։ Ավելի ուշ, ըստ մամուլի, ԱՄՆ-ը փորձել է փաստաթղթում ամրացնել, որ Վաշինգտոնի կողմից նախկինում հատկացված օգնությունը պետք է լինի ամերիկյան ներդրումը Ուկրաինայի զարգացման եւ վերականգնման հիմնադրամում, որը ստեղծվելու է փաստաթղթի համաձայն։ Կիեւն առարկել է, որ ԱՄՆ օգնությունը տրամադրվել է անվճար եւ չի կարող պարտք համարվել։ Բացի այդ, փորձագետները մտավախություն ունեին, որ եթե Կիեւը Վաշինգտոնին տրամադրի իր բնական ռեսուրսներն օգտագործելու անսահմանափակ իրավունքներ, դա կարող է խոչընդոտել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացին: «Գլխավորն այն է, որ մենք հստակ ուրվագծեցինք մեր կարմիր գծերը. համաձայնագիրը պետք է համապատասխանի եվրոպական պարտավորություններին եւ չհակասի Ուկրաինայի Սահմանադրությանն ու օրենսդրությանը: Այն պետք է վավերացվի խորհրդարանի կողմից»,- գրել է Շմիգալը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փաստաթղթում հաշվի չի առնվի մինչ ստորագրումը տրամադրված օգնությունը»։ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահները պետք է ստորագրեին պայմանագիրն օգտակար հանածոների համատեղ արդյունահանման մասին Վլադիմիր Զելենսկու ԱՄՆ կատարած այցի ժամանակ։ Սակայն արարողությունն ընդհատվել էր Օվալաձեւ աշխատասենյակում երկու ղեկավարների վիճաբանությունից հետո։ Ստորագրման նոր ամսաթվի մասին առայժմ չի տեղեկացվել։