Ուկրաինացի զինվորականները հոկտեմբերի 9-ի երեկոյան հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Օկտյաբրսկի գյուղի մոտակայքում տեղակայված «Շահեդ» հարձակողական անօդաչու թռչող սարքերի պահեստավորման բազայի վրա, հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից։
«Ըստ տեղեկությունների՝ այնտեղ պահվել է մոտ 400 հարվածային անօդաչու թռչող սարք։ Օբյեկտիվ հսկողության արդյունքներով արձանագրվել է թիրախին ճշգրիտ հարված։ Օբյեկտի տարածքում նկատվել է երկրորդական պայթյուն»,- նշել են Ուկրաինայի գլխավոր շտաբից։
Իր հերթին Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից հաղորդել են Օկտյաբրսկի գյուղի պահեստներում բռնկված հրդեհի մասին, սակայն հրդեհի պատճառը չի հստակեցվել։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվ շտաբից նշել են, որ պահեստի շրջակայքը շրջափակվել է, հրդեհը տեղայնացվել է 1600 քմ տարածքում։
Դրանից հետո հոկտեմբերի 10-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ադիգեայի Հանրապետության Մայկոպ արվարձանի վրա։ «Զոհեր և վիրավորներ չկան։ Տեղում են հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու փրկարարները։ Հրդեհը մարում են Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները։ Ընթանում է Ռոդնիկովոե գյուղի բնակիչների կազմակերպված տարհանում»,- հայտնել է շրջանի ղեկավար Մուրատ Կումպիլովը։
Ըստ Astra թելեգրամյան ալիքի՝ հարձակման է ենթարկվել Խանսկայա գյուղից 3 կմ դեպի արևելք և Մայկոպ քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք տեղակայված Խանսկայա ռազմական օդանավակայանը։ Ըստ մատչելի տվյալների՝ այնտեղ է տեղակայված է Կրասնոդարի բարձրագույն ռազմական ավիացիոն դպրոցի 272-րդ ուսումնական ավիացիոն բազան։ Հարձակումից հետո NASA-ի հրդեհային մոնիտորինգի համակարգը ռազմական օդանավակայանի մոտ հրդեհ է գրանցել, նշում է Astra-ն։
Նախօրեին Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու սարքերով հարձակվել էին Բրյանսկի շրջանի Կարաչև քաղաքի արկերի պահեստի վրա։ Արդյունքում զինամթերքը պայթել է։ Ըստ ուկրաինական կողմի՝ խոցվել է ՌԴ ՊՆ գլխավոր հրթիռային և հրետանային տնօրինության 67-րդ զինանոցը, որն ամենամոտ է առաջնագծին։ Պահեստում եղել են զինամթերք, դրանց թվում՝ ԿԺԴՀ-ից, ինչպես նաև օդային ռումբեր: Դրա մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։
Մինչ այդ՝ սեպտեմբերի 18-ին, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Տվերի մարզի Տորոպեցում զինամթերքի և հրթիռների մեծ պահեստ են պայթեցրել։ Սեպտեմբերի 21-ին ևս երկու զինամթերքի պահեստ է խոցվել։ Դրանցից մեկը Կրասնոդարի երկրամասում տեղակայված Տիխորեցկի զինանոցն էր, որը Ռուսաստանի Զինված ուժերի օգտագործած զինամթերքի երեք խոշորագույն բազաներից մեկն է, հայտարարել է Ուկրաինայի գլխավոր շտաբը։ Միաժամանակ Տվերի մարզի Օկտյաբրսկի գյուղի մատույցներում խոցվել է ՌԴ ՊՆ գլխավոր հրետանային վարչության 23-րդ զինանոցը։