Ուկրաինական անօդաչուները գրոհել են սպիրտի գոր...

Հունվարի 14-ի երեկոյան ուկրաինական անօդաչուն գրոհել է Տամբովի մարզի Նովայա Լյադա գյուղի սպիրտի գործարանը, հայտնել են Shot-ը եւ Astra-ն։ Նրանց խոսքով՝ գործարանի տարածքում մի քանի պայթյուն է լսվել, գործարանում հրդեհ է բռնկվել։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Astra-ն, անօդաչուի թիրախը կարող է եղած լինել նաեւ Նովայա Լյադայում գտնվող զորադաշտը։ Տարածաշրջանի կառավարությունը հաստատել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը գյուղի վրա անօդաչու թռչող սարք են խոցել։ Խոցված անօդաչուի բեկորները հայտնաբերվել են Յուբիլեյնայա փողոցում։ Դրանք կառչել են ծառի ճյուղերից։ «Տներից մեկում աննշան վնասներ կան։ Տուժածներ չկան»,- նշվել է պաշտոնական հաղորդագրությունում։ Նովայա Լյադայում է գտնվում Ռուսաստանի ամենամեծ սպիրտի գործարաններից մեկը՝ «Ամբեր Տալվիս»-ը: Այն պատկանել է «Ստոլիչնայա» եւ «Մոսկովսկայա» օղու բրենդների սեփականատեր Յուրի Շեֆլերին, որը 2002թ. լքել է Ռուսաստանը եւ տեղափոխվել Շվեյցարիա։ 2024թ. հուլիսին Տամբովի շրջանային դատարանը բավարարել է ՌԴ գլխավոր դատախազության հայցը եւ ազգայնացրել գործարանը։