
Մարտի 4-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սիզրանի «ձեռնարկություններից մեկի» վրա, այս մասին հայտնել է Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչեւը։ «Մեր հակաօդային պաշտպանության ուժերը վերացրել են անօդաչու թռչող սարքերը։ Զոհեր եւ վիրավորներ չկան»,- գրել է Ֆեդորիշչեւն իր թելեգրամ-ալիքում։ Shot-ի տվյալներով՝ գրոհը տեղի է ունեցել Սիզրանի նավթավերամշակման գործարանում։ Գրոհն սկսվել է տեղի ժամանակով 1:45-ի սահմաններում: Գործարանի հարեւանությամբ գտնվող միկրոշրջանի բնակիչները երկնքում վառ բռնկումներ են տեսել եւ 3-5 ուժեղ պայթյուններ են լսել, որից հետո գործարանում հրդեհ է բռնկվել։ Վերամշակման գործարանների վրա հարձակումների համար օգտագործվել են կամիկաձե PD-2 անօդաչու սարքեր, որոնց թռիչքի առավելագույն հեռահարությունը 1 100 կիլոմետր է, պարզաբանել է Shot-ը։ Սիզրանի ՆՎԳ-ն պատկանում է «Ռոսնեֆտին»։ Ամեն տարի այն արտադրում է 800 հազար տոննա բենզին եւ 1,5 մլն տոննա դիզելային վառելիք։ Մինչ այս այն երեք անգամ հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Նավթավերամշակման գործարանն առաջին անգամ հարձակման է ենթարկվել 2024թ. մարտին։ Այնուհետ տեղեկություն է ստացվել, որ հրդեհվել է նավթամթերքների վերամշակման գործարանը։ Ուկրաինական անօդաչու սարքերը երկրորդ գրոհն են իրականացրել այս տարվա փետրվարի 19-ին։ Նավթամթերքի վերամշակման արտադրամասում կրկին հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Ընդ որում՝ Սիզրանի ՆՎԳ-ն դարձել է չորրորդ գործարանը, որն արտադրությունը դադարեցրել է 2025թ. ուկրաինական դրոնների հարձակումների պատճառով։ Մինչ այդ աշխատանքը դադարեցրել էին «Ռոսնեֆտի» ամենամեծ Ռյազանի ՆՎԳ-ն, «Գազպրոմի» Աստրախանի գազի գործարանը եւ «Լուկօյլի» Վոլոգդայի ՆՎԳ-ն։