
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, ով նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին շրջանում նրա գլխավոր խորհրդականն էր, իսկ վերջերս ներգրավված էր Գազայի հատվածում հրադադարի հաստատման շուրջ բանակցություններում, ժամանել են Իսրայել՝ քննարկելու Գազայի հրադադարի համաձայնագրի իրականացման վերաբերյալ հարցեր։ Այս մասին The Times of Israel-ին հայտնել է ԱՄՆ դեսպանատունը։
Ուիթքոֆի և Քուշների այցն Իսրայել ԱՄՆ-ի համակարգված ջանքերի մի մասն է՝ Գազայի հրադադարի ռեժիմի հետագա խաթարումը կանխելու նպատակով։
Ակնկալվում է, որ նրանք հանդիպում կունենան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նշվում է նաև, որ այս այցի շրջանակում կարող է նապախատրաստվել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա այցն Իսրայել։
Ավելի վաղ Իսրայելի բանակը մեղադրել էր ՀԱՄԱՍ-ին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ, որի հետևանքով իսրայելցի երկու զինվոր էր զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել։ Ի պատասխան դրա՝ իսրայելական բանակը մի շարք հարվածներ էր հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի թիրախներին։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Գազայի կառավարության մամուլի գրասենյակը հայտնել է, որ հրադադարի հաստատումից ի վեր իսրայելական ուժերը 80 անգամ խախտել են այն, ինչի հետևանքով զոհվել է 97, վիրավորվել՝ 230 մարդ։