Երեկ Հայաստանում էր ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, ով Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ զբոսնում էր քաղաքում: Այդ նույն ընթացքում բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ ցանկանալով իրենց ասելիքը փոխանցել Տուսկին:
Բողոքի ակցիայի ընթացքում եղան նաև բերման ենթարկվածներ: Նրանց մեջ էր նաև «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը: Politik.am-ի հետ զրույցում նա նշեց՝ չի ցանկանում ոստիկանության գործողություններին գնահատական տալ: «Ոստիկաններն, ի վերջո, կատարում էին հրաման, իսկ հրամանը իջեցված էր ամենավերևից, ու նրանց գործողություններում, բնականաբար, կային ապօրինության տարրեր, անհամաչափ ուժի գործադրում և այլն, որովհետև մոտ 200 ցուցարարի դիմաց հանել Երևան քաղաքի ողջ ոստիկանական ներուժը՝ առնվազն արդար չէր»,-նշեց Մանթաշյանը:
«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավարին բերման են ենթարկել Թումանյան փողոցից.«Ինձ բերման են ենթարկել Թումանյան փողոցը հատելիս՝ ակցիայի հետ որևէ կապ չունեցող գործողության ժամանակ: Ոստիկանները շրջափակել էին Հյուսիսային պողոտան, իսկ ես հակառակ ուղղությամբ՝ դեպի Օպերա, Թումայնյան փողոցն էի հատում, այդտեղից ուղղակի բերման են ենթարկել, երեք ժամ պահել են բաժնում ու առաջադրել են մեղադրանք՝ ոստիկանի պահանջը չկատարելու համար, այն դեպքում, երբ որևէ պահանջ՝ ամեն դեպքում ինձ լսելի կամ հասկանալի ձևով, չի եղել ոստիկանության կողմից»:
Հարցին՝ նա և մյուս աջակիցները նպատակ չունեի՞ն շրջափակել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոմեքենան, պատասխանեց.«Մենք ոչ նպատակ ենք ունեցել երթևուկությունը սահմանափակելու, ոչ էլ վարչապետին սպասարկող պետական ավտոմեքենաները շրջափակելու: Մենք ընդամենը փողոցն ենք հատել և հատելու ժամանակ բերման են ենթարկել: Իսկ երթևեկությունը կաթվածահար էր եղել հենց այդ ավտոմեքենաների կանգնած դիրքից»:
Բողոքի ակցիայի մասնակիցներից երկու խմբի են բաժանվել. «Մենք ցանկանում էինք Տուսկին տեսնել Հյուսիսային պողոտայում, բայց ոստիկաններն ասացին, որ այդ պահին Հյուսիսային պողոտան հատուկ պահպանվող տարածք է համարվում, և բոլոր կածաններից, որոնցից հնարավոր էր մուտք գործել Հյուսիսային պողոտա, փորձեցինք, բայց ապարդյուն: Մենք ունեինք եմ նախագահին ուղղված ասելիք, սակայն մեր խոսքը լռեցվեց և մեր տեղաշարժը սահմանափակվեց բոլոր կողմերից: Ստիպված աջակիցների մի մասն իջավ թանգարանի մոտ, որ այնտեղ գոնե մեր խոսքը հասանելի դարձնի, մնացած մասը մինչև վերջ փորձեց որևէ կերպ հասնել Հյուսիսային պողոտայի այն մատույցներին, որտեղ պետք է ճաշեին Փաշինյանն ու հյուրը»:
Նարեկ Մանթաշյանն ասաց նաև, որ ստիպված է եղել Հյուսիսային պողոտայում ոստիկանների գործողությունների համար զանգահարել ոստիկանություն, ու խնդրել, որ ոստիկանական ուժ ուղարկեն: «Գործողությունները հասել էին այն աստիճանի, որ թվում էր՝ ավազակախումբ է, ոչ թե ոստիկանություն, որովհետև որևէ մեկնաբանություն կամ բացատրություն չէին տալիս: Եթե դեմքով ճանաչում էին, կամ կասկածում էին, որ ակցիայի հետ կարող են կապ ունենալ, միայն նրանց տեղաշարժն էին արգելում, մյուսների համար ստեղծում էին հատուկ միջանցքներ, որոնցով կարողանում էին անցնել»:



