Թուրքիայում շարունակվում է գլխավոր ընդդիմադիր...

Թուրքիայում շարունակվում է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ղեկավարության շուրջ ճգնաժամը, որը սրվել է կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի և պաշտոնանկ արված առաջնորդ Օզգյուր Օզելի կողմնակիցների միջև հակասությունների ֆոնին։

Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Անկարայում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի շենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ երկու քաղաքական գործիչներն էլ հայտարարել են, որ պատրաստվում են ելույթ ունենալ կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։ Երկու կողմերն էլ նիստը նշանակել էին նույն ժամին՝ տեղական ժամանակով ժամը 13:00-ին։

Առավոտից խորհրդարանի շենքի մոտ հավաքվել են ինչպես Օզելի, այնպես էլ Քըլըչդարօղլուի կողմնակիցները։ Ոստիկանությունը կանխել է անվտանգության պատնեշները ճեղքելու մի քանի փորձ։ Ստեղծված իրավիճակի պատճառով Թուրքիայի խորհրդարանը ժամանակավորապես փակվել է այցելուների համար։

Լարվածության աճից հետո Քեմալ Քըլըչդարօղլուն որոշել է կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստն անցկացնել ոչ թե խորհրդարանում, այլ կուսակցության կենտրոնական գրասենյակում։ Նա հայտարարել է, որ այդ որոշումը կայացրել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի դիմումից հետո։

«Ես չեմ դառնա այն կեղտոտ խաղերի գործիքը, որոնք քեմալականներին միմյանց դեմ են հանում։ Այժմ ժամանակն է ոչ թե թշնամանալու, այլ ուս ուսի կանգնելու»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն։

Միաժամանակ Օզգյուր Օզելի կողմնակից պատգամավորները հավաքվել են խորհրդարանի շենքում, իսկ Քըլըչդարօղլուի աջակիցները՝ կուսակցության կենտրոնակայանի մոտ։

Ճգնաժամի հիմքում ընկած է մայիսին ընդունված դատական որոշումը, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի CHP-ի համագումարը, որի արդյունքում կուսակցության ղեկավար էր ընտրվել Օզգյուր Օզելը։ Դատարանը ժամանակավորապես վերականգնել է նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի լիազորությունները՝ մինչև գործի վերջնական հանգուցալուծումը։

Օզելը հայտարարել է, որ իրենից ցանկանում էին խլել խորհրդարանական խմբակցության ամբիոնը և այն փոխանցել «ոչ թե ընտրված, այլ նշանակված անձի»։ Նա շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին՝ խորհրդարանի մոտ հավաքվելու համար։

Մինչդեռ Քըլըչդարօղլուի կողմնակիցները պնդում են, որ կուսակցության գործող իրավական առաջնորդը հենց նա է, և խորհրդարանական կանոնակարգի համաձայն՝ պետք է հնարավորություն ստանա ելույթ ունենալու խմբակցության նիստում։

Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։ Քըլըչդարօղլուի մամուլի խոսնակ Աթաքան Սյոնմեզը հայտարարել է, որ քննարկումները նպատակ ունեն ապահովելու, որպեսզի խմբակցության նիստն, այնուամենայնիվ, կայանա և իրավիճակը չհանգեցնի հետագա բախումների։

Վերջին շաբաթներին CHP-ում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը դարձել է Թուրքիայի քաղաքական օրակարգի գլխավոր թեմաներից մեկը։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ կուսակցության ներսում իշխանության համար պայքարը կարող է էական ազդեցություն ունենալ Թուրքիայի ընդդիմադիր դաշտի հետագա զարգացումների վրա։