Թուրքիայի զինված ուժերը պատրաստության են բերվել՝ կապված Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ հնարավոր գործողության հետ, հայտնում է կառավարամետ Türkiye թերթը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներ:
Թերթը հիշեցրել է, որ Անկարան Սիրիայի նոր իշխանություններից պահանջել էր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ:
Այժմ Թուրքիան պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում՝ ռազմական գործողությունների. Սիրիայի հետ սահմանին գտնվող զորքերը պատրաստության վիճակի են բերվել հնարավոր գործողության համար, ասվում է հոդվածում։
Հունվարի 7-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վերջնագիր է հայտարարել Սիրիայում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին։ Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները PKK-ի ներկայացուցիչներից պահանջել են վայր դնել զենքերը և լքել Սիրիայի տարածքը։ Եթե այս առաջարկն անտեսվի, Անկարան կարող է ռազմական գործողություններ սկսել։
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ քուրդ զինյալները «կա՛մ հրաժեշտ կտան իրենց զենքին, կա՛մ իրենց զենքերի հետ կթաղվեն սիրիական հողում»: