
Չինաստանից վերադառնալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կնպաստի սահմանային անցակետերի բացմանը և նոր ճանապարհների ու երկաթուղիների գործարկմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը, Աստծո կամքով, կհասնի այն խաղաղությանը, որին ձգտում է։ Ես այդ հույսը տեսա պարոն Իլհամ Ալիևի մոտ՝ նրա հետ իմ երկկողմ հանդիպման ժամանակ։ Սպիտակ տանը ստորագրությունները, անկասկած, արագացրին Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ մասամբ հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել են վերջնական փուլին։ Ես համապարփակ հանդիպում ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու հանդիպումների ժամանակ էլ տեսա, որ Ալիևն ու Փաշինյանը նույն կարծիքին էին։ Նրանք նույն ուղղությամբ են նայում»,- մասնավորապես նշել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանն ընդգծել է, որ խաղաղության հաստատմամբ տարածաշրջանում ցամաքային ճանապարհները և երկաթուղիները կգործարկվեն, սահմանային դարպասները կբացվեն, և շատ ոլորտներ, մասնավորապես առևտուրը, դրական ազդեցություն կունենան։
«Տարածաշրջանային երկրները նույնպես կշահեն համագործակցության նոր հնարավորություններից։ Սրանք շատ հստակ և ակնհայտ են։ Ռուսաստանը և Իրանը ապագայում նույնպես կհասկանան, որ իրենց մտահոգությունները անտեղի էին»,-ասել է Էրդողանը։