Թուրքիայի ԿԲ պահուստները Իմամօղլուի ձերբակալո...

Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստները մարտի 19-ից, երբ ձերբակալվել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, 68,2 մլրդ դոլարից նվազել են մինչեւ 33,5 մլրդ դոլարի։ Ապրիլի 3-ի դրությամբ, երբ Թուրքիայում սկսվեց մեկշաբաթյա հանգիստը մահմեդական Ռամադան տոնի կապակցությամբ, կորուստները կազմել են 34,7 մլրդ դոլար, գրել է Sözcü թերթը։ Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ֆաթիհ Քարահանն ավելի վաղ հայտնել էր, որ շուկաներում 3 օրվա ընթացքում թուրքական լիրայի փոխարժեքը կայունացնելու նպատակով Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո վաճառվել է 25 մլրդ դոլար։ Մարտի 19-ին Թուրքիայի ազգային արժույթը էժանացել է ավելի քան 11 տոկոսով, Ստամբուլի ֆոնդային բորսայում առեւտուրը բազմիցս դադարեցվել է։ Ինչպես նշել է պարբերականը իր տնտեսական վերլուծությունում, շուկաներում առկա իրավիճակը կարող է չեղարկել թուրքական իշխանությունների՝ մինչեւ տարեվերջ գնաճը 24 տոկոսի հասցնելու ջանքերը։ Ընդ որում, դժվար կլինի այն պահել 30 տոկոսի մակարդակում, ինչպես կանխատեսում էին ԿԲ մարտին անցկացված հարցման մասնակիցները։ Հրապարակման մեջ նշվել է նաեւ, որ ապրիլին Թուրքիայում գնաճն անխուսափելիորեն կբարձրանա, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով։ Թուրքիայում մարտի վերջին գնաճի մակարդակը տարեկան կտրվածքով կազմել է 38,10 տոկոս՝ փետրվարի 39,05 տոկոսի դիմաց, ավելի վաղ հայտնել է Վիճակագրության ազգային ինստիտուտը (TÜİK): Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, մեկնաբանելով ֆինանսական շուկաների տատանումները, ասել է, որ դրանք երկարաժամկետ ազդեցություն չեն ունենա։ «Ակնհայտ է, որ գնաճը նվազում է եւ կշարունակի նվազել, չեմ կարծում, որ վերջին անկարգությունները երկարաժամկետ հետեւանքներ կունենան։ Դոլարի նկատմամբ լիրայի մոտ 3-3,5 տոկոսով արժեզրկումը կարող է սահմանափակ ազդեցություն ունենալ ապրիլին, բայց եթե նայենք միջնաժամկետ հեռանկարին՝ մեկ տարի անց, ապա դա կհանգեցնի գնաճի։ Մենք նպատակ ունենք 2027թ. գնաճը հասցնել միանիշ թվի»,- նախարարի խոսքերը մեջբերել է TRT Haber հեռուստաալիքը։