Թուրքիայի արտգործնախարարը նշել է Ուկրաինայում...

Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հույսերն ավելացել են ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով պայմանավորված։ Այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Այն բանից հետո, երբ Թրամփը հաղթեց ԱՄՆ ընտրություններում, աճել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հույսերը։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինչը երեւում է Ղրիմի հարցում մեր ունեցած դիրքորոշումից։ Բայց մենք չենք տեսնում, որ այս պատերազմը օգուտ է բերում կողմերից որեւէ մեկին։ Այն հանգեցնում է միայն մեծ մարդկային կորուստների, ավերածությունների եւ վնասների։ Մենք այս փաստը բացատրում ենք մեր ամերիկյան եւ արեւմտյան զրուցակիցներին, ուշադրություն հրավիրում կողմերի միջեւ բանակցությունների անհրաժեշտության վրա»,- ասել է Ֆիդանը Milliyet թերթին։

Նախարարը հիշեցրել է, որ հակամարտության առաջին օրվանից Թուրքիան պնդել է, որ առաջնահերթությունը պետք է տալ դիվանագիտությանը։ «Մենք օգտագործել ենք դիվանագիտության բոլոր հնարավորությունները, որպեսզի  կողմերին նստեցնենք բանակցությունների սեղանի շուրջ։ Պատերազմի առաջին օրերին մենք դա արել ենք սկզբում Անթալիայում, հետո Ստամբուլում։ Տեխնիկական բանակցությունների արդյունքներով Ստամբուլում մենք շատ մոտ էինք խաղաղությանը»,- նշել է Ֆիդանը։

Նա նաեւ հաստատել է, որ «Թուրքիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ արդար եւ ամուր խաղաղության հասնելու ջանքերում այն ձեւաչափերի եւ բնութագրիչների շրջանակում, որոնք կհամաձայնեցնեն Ուկրաինայի հակամարտության երկու կողմերը»։