
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնում է ԱՄՆ՝ ռազմավարական բանակցությունների համար, սա նրա առաջին այցն է նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից հետո, գրել է Hurriyet Daily News-ը։ Ֆիդանի Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում ռազմավարական բանակցություններ են նախատեսվում պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հետ։ Անունը չնշած թուրք դիվանագետները հայտնել են, որ Ֆիդանը մարտի 25-26-ը կլինի Վաշինգտոնում։ «Ակնկալվում է, որ բանակցությունները կկենտրոնանան Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերություններում հնարավոր ռազմավարական քայլերի եւ պետությունների ղեկավարների մակարդակով ապագա այցերի նախապատրաստման վրա»,- նշել են նրանք։ Դրանից ոչ շատ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին հեռախոսազրույցն էր ունեցել Թրամփի հետ։ Ակնկալվում է, որ զրույցի առանցքային թեմաները կլինեն Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին վերջ տալու ջանքերը, Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ երկկողմ հարաբերությունների հարցերը, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը։ Մասնավորապես, Ֆիդանը կբարձրացնի 2020թ. կիրառված ամերիկյան CAATSA պատժամիջոցները չեղարկելու եւ Թուրքիան F-35 ծրագրին վերադարձնելու հարցը, որից նա բացառվել էր Ռուսաստանից С-400 ՀՕՊ համակարգեր գնելուց հետո։Հիշեցնենք, որ ԱՄՆ պատժամիջոցներն էին հիմնական պատճառը, որ Թուրքիան երկար ժամանակ չէր համաձայնում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Աղբյուրների համաձայն՝ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Ֆիդանը նախատեսում է հիշեցնել Անկարայի խաղաղապահ նախաձեռնությունները այս տարիների ընթացքում եւ հաղորդել այն մասին, որ Թուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ ջանքերին հրադադարի համար, որից հետո կկնքվի անժամկետ խաղաղության համաձայնագիր։ Ֆիդանը կհորդորի ԱՄՆ-ին չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, որտեղ ռեժիմը փոխվել է, եւ համագործակցել Թուրքիայի հետ Սիրիային մարդասիրական օգնության եւ վերականգնմանն աջակցելու հարցում։ Կխոսվի նաեւ ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցության եւ Սիրիայի արեւելքում կալանավայրերի ու ճամբարների վերահսկողության մասին։ Թուրք նախարարը նաեւ կոչ կանի Միացյալ Նահանգներին «օգտագործել իր ազդեցությունն Իսրայելի վրա»՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում կայուն հրադադար հաստատելու համար։