Թուրքիայի ԱԳՆ-ից 4 նախապայման են հայտնել Սիրի...

Թուրք քաղաքական գործիչները չորս պայման են առանձնացրել, որոնց դեպքում հնարավոր է Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը և Սիրիայի տարածքից թուրքական զորքերի դուրսբերումը։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով CNN Turk-ին։

Ինչպես հեռուստաալիքին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները, պետությունների միջև հարաբերությունների կարգավորման առաջին պայմանը ինքնիշխանությունը պահպանելու համար Սիրիայում առկա  «ահաբեկիչներից» ազատվելն է։ Երկրորդ՝ Դամասկոսը պետք է սկսի իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևի դրույթները, որոնք ենթադրում են Սիրիայում քաղաքական ճգնաժամի լուծում և զինադադար։

Երրորդ պայմանն այն է, որ սիրիական իշխանությունները պայմաններ ապահովեն երկիրը լքած փախստականների վերադարձի համար, իսկ չորրորդը մարդասիրական բեռների կանոնավոր մատակարարումն է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների կողմից վերահսկվող տարածք:

Լրագրողն ընդգծել է, որ եթե բոլոր պայմանները չկատարվեն, հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունն առաջ չի շարժվի։