Թուրքիայի ԱԳ նախարարն իրանցի գործընկերոջ հետ...

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջերս սկսված բանակցությունները իր իրանցի գործընկեր Աբբաս Արաքչիի հետ հեռախոսազրույցում, գրում է Mehr-ը։

Իրանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Թուրքիային վերջերս մեկնարկած Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ կառուցողական դիրքորոշման համար և Թուրքիայի ԱԳ նախարարին տեղեկացրել այդ կապակցությամբ Իրանի սկզբունքային դիրքորոշումների մասին։ Հաքան Ֆիդանը, իր հերթին, ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները՝ ընդգծելով Թուրքիայի պատրաստակամությունը՝ ցանկացած աջակցություն ցուցաբերել այս խնդրի առաջխաղացման գործում։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայում Իրանի քաղաքացիներին առնչվող հյուպատոսական որոշ հարցերի և խնդիրների։ Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ կհետեւի այս հարցերի լուծմանը։