Թուրքիան զորավարժություններ է անցկացրել Ադրբե...

Թուրքիան իրականացրել է «Անատոլիական փյունիկ-2023» (Anadolu Ankası -2023) միջազգային զորավարժությունները, որոնց ժամանակ մշակվել են ռազմական պարեկախմբի պաշտպանության, մարտական գործողությունների գոտուց վիրավորների տարհանման, պարաշյուտով դեսանտի իջեցման սցենարներ, գործադրվել են ռեակտիվ ինքնաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր, տեղեկացրել է Anadolu-ն։

Զորավարժություններն անցկացվել են Քոնիայում, Թուրքիայի ՌՕՈւ 3-րդ հրամանատարության ռազմակայանում։ Դրանց մասնակցել են Ադրբեջանի, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանարպետության եւ Կատարի զինվորականները։ Որպես դիտորդ զորավարժություններին ներկա են եղել Նիգերիայի, Բրազիլիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Վրաստանի եւ Գերմանիայի ԶՈւ ներկայացուցիչները։

Նշվել է, որ զորավարժությունների համար նախատեսված բոլոր առաջադրանքները առավելագույնս մոտեցված են եղել մարտականին։ Գործադրվել են ռեակտիվ ինքնաթիռներ, հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ, տրանսպորտային ինքնաթիռներ, անօդաչուներ եւ ուղղաթիռներ։

Զորավարժություններում առաջին անգամ օգտագործվել են բազմաթիրախային T70 եւ Կատարի Apache ուղղաթիռներ։ Զորավարժություններին հետեւել է Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար Աթիլլա Գյուլանը։ F-16 կործանիչները զորավարժություններում խոցել են թիրախները, որոնց կոորդինատները փոխանցվել են առաջնագծից, հատուկջոկատայինների կողմից։ Բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարվել են, տեղեկացվել է հաղորդագրությունում։