Թուրքիան մշակում է պլան այն դեպքի համար, եթե...

Թուրքիայի ղեկավարությունը ռազմական գործողությունների ծրագիր է մշակում այն ​​դեպքի համար, եթե Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), որն արգելված է երկրում, չհնազանդվի իր առաջնորդ Աբդուլա Օջալանի կոչին եւ հրաժարվի վայր դնել զենքերը, գրել է կառավարամետ Hürriyet թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին: Թուրքիայի անօրինական Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի հետ հրադադարի մասին՝ ի պատասխան իր առաջնորդ Աբդուլա Օջալանի կոչի, որը ցմահ բանտարկություն է կրում Մարմարա ծովի Իմրալի կղզու բանտում։ Միաժամանակ, PKK-ն հայտարարել է, որ պատրաստ է համագումար հրավիրել, որտեղ կքննարկի ինքնալուծարման հարցը, բայց միայն իր ղեկավարի անձնական ներկայությամբ։ Օջալանն ավելի վաղ կոչ էր արել զինյալներին համագումար հրավիրել եւ դրա արդյունքների հիման վրա հայտարարել կուսակցության ինքնալուծարման եւ նրա ստորաբաժանումների զինաթափման մասին։ PKK-ն ընդգծել է, որ հրադադարը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ ոչ ոք չի հարձակվել PKK ստորաբաժանումների վրա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է վերսկսել գործողությունը PKK-ի դեմ, եթե կուսակցությունը դիմի խորամանկությունների կամ արգելակի գործընթացը։«Եթե Քանդիլը զենքերը վայր չդնի, Օջալանը դա չի ընդունի։ Չէ՞ որ նրանք (գրոհայինները) կանտեսեն սեփական ղեկավարությունը։ Հավանաբար Օջալանի հաջորդ հայտարարությունը կինի հետեւյալ բովանդակությամբ. «Այդ Քանդիլը ամերիկա-իսրայելական նախագիծ է։ Այս PKK-ն իմ PKK-ն չէ, դա Իսրայելի PKK-ն է, Իրանի PKK-ն, ԱՄՆ PKK-ն է»։ Նախապատրաստվում է այն, թե ինչ կլինի, եթե PKK-ն զինաթափվի, եւ ռազմական գործողությունների պլաններ են մշակվում, եթե դա տեղի չունենա»,- գրել է պարբերականը։ Պարբերականի տեղեկություններով՝ որոշված են կուսակցության զինաթափման ժամկետները, ճշտվել է «ճանապարհային քարտեզը»։ «Մոնիթորինգ կիրականացվի երկու-երեք ամիս։ Կորոշվեն մեխանիզմներ, որոնք կգործադրվեն, եթե Քանդիլը որոշի վայր դնել զենքերը։ Երբ PKK-ն որոշի վայր դնել զենքերը, ի՞նչ կլինի կազմակերպության ղեկավարների հետ։ «Ո՞ր երկիր եւ որտե՞ղ է առաքվելու զենքը։ Դրա համար մեխանիզմներ կստեղծվեն։ Զենքը կփոխանցվի Թուրքիայի համապատասխան հաստատություններին՝ Իրաքում Թուրքիայի եւ իրաքյան վարչակազմի հսկողության եւ վերահսկողության ներքո, ինչպես նաեւ Սիրիայի եւ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Սիրիայում նշանակված վայրեր»,- նշել է թերթը։