Թուրքիան կարող է երկու ռազմակայան կառուցել Սիրիայում եւ այնտեղ տեղակայել F-16 կործանիչներ, հայտնել է կառավարամետ Türkiye թերթը՝ հղում կատարելով արաբական անանուն աղբյուրներին։
Իսրայելը ռազմակայաններ է կառուցում Սիրիայի տարածքում, Գոլանի բարձունքների բուֆերային գոտում, ավելի վաղ հայտնել էր ամերիկյան Washington Post թերթը՝ հղում կատարելով արբանյակային լուսանկարներին եւ փորձագետին։
«Արաբական աղբյուրների համաձայն՝ Թուրքիան եւ Սիրիան համաձայնագիր կստորագրեն համատեղ պաշտպանության մասին։ Համաձայնագրի համաձայն, որը նախատեսվում է ստորագրել մոտ ժամանակներս, Անկարան օգնություն կտրամադրի Սիրիային, եթե Դամասկոսը հանկարծակի վտանգի առաջ կանգնի։ Համաձայնագրով նախատեսվում է նաեւ, որ թուրքական զինված ուժերը կուսուցանեն սիրիական բանակին եւ նրա օդաչուներին, իսկ Թուրքիան երկու ռազմակայան կհիմնի Սիրիայում։ Թուրքիան այս բազաներում կտեղակայի 50 F-16 կործանիչներ՝ մինչեւ սիրիական ՌՕՈւ-ի ստեղծումը, կանխելու համար ցանկացած հարձակում, որը կարող է ուղղված լինել երկրի ինքնիշխանության դեմ»,- գրել է պարբերականը։
Պաշտոնական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունները։
Պարբերականը նաեւ հայտնել է, որ Սիրիայի նոր վարչակազմը Թուրքիայից խնդրել է անօդաչու թռչող սարքեր, ռադարներ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր՝ Իսրայելի հետ սահմանը վերահսկելու համար։
«Դամասկոսում կառավարությունը, որի հիմնական խնդրանքը Անկարայից անօդաչու թռչող սարքերն են, ցանկանում է, որ սահմանին, բացի թուրքական անօդաչուներից, տեղակայվեն ռադարներ, ռադիոէլեկտրոնային պայքարի եւ անվտանգության ինտեգրված համակարգեր, հատկապես իսրայելական սահմանային միջանցքում իսրայելական անօդաչուների վերահսկողության համատեքստում»,- նշել է պարբերականը։
Թերթը նաեւ, հղում կատարելով Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին, գրել է, որ անօդաչուների առաջին մատակարարումը կարող է տեղի ունենալ առաջիկայում։