Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի վերջին հայտարարությունը դժվար է համարել հերթական դիվանագիտական ձևակերպում։ Պետական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գործընթացը հասել է որոշակի փուլի և հավելեց. «Ալլահը տա այստեղ նաև Թուրքիայի մասնակցությամբ Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը կձևավորեն մի կենտրոն, մի ուժ»։
Այս հայտարարության մեջ ուշադրության արժանի է ոչ միայն համագործակցության գաղափարը, այլ նաև այն, որ Թուրքիան Հայաստանին ներկայացնում է որպես այն տարածաշրջանային նախագծի մաս, որի առանցքում հենց Անկարան է։ Քուրթուլմուշը չի խոսում երեք անկախ ուժային կենտրոնների մասին. նա խոսում է մեկ կենտրոնի, մեկ ուժի ձևավորման մասին, որտեղ Թուրքիան իրեն տեսնում է որպես նախաձեռնող և ուղղություն թելադրող դերակատար։
Վերջին տարիներին թուրքական քաղաքական վերնախավը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանային ինտեգրման և թյուրքական համագործակցության օրակարգը։ Այդ համատեքստում Հայաստանի նկատմամբ հնչող նման ձևակերպումները ցույց են տալիս, որ Անկարան Երևանին դիտարկում է ոչ թե պարզապես որպես հարևան պետություն, այլ որպես այն տարածաշրջանային կառուցվածքի հնարավոր մասնակից, որը Թուրքիան փորձում է ձևավորել։
Այս հայտարարությունը նաև քաղաքական հարց է առաջադրում Հայաստանի իշխանությունների հասցեին։ Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականությունը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի շուրջ տարվող գիծը, Անկարայում ակնհայտորեն ընկալվում է որպես Թուրքիայի տարածաշրջանային նախաձեռնությունների համար նպաստավոր զարգացում։ Հենց այդ պատճառով թուրք պաշտոնյաներն արդեն հրապարակավ խոսում են Հայաստանի մասնակցությամբ «մեկ կենտրոն» և «մեկ ուժ» ձևավորելու մասին։
Թե որքանով է այդ պատկերացումը համընկնում Հայաստանի իշխանությունների իրական նպատակների հետ, քաղաքական բանավեճի առարկա է։ Սակայն Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Անկարան ներկայիս գործընթացները մեկնաբանում է իր ռազմավարական տեսլականի շրջանակում և Հայաստանը տեսնում է այդ նախագծի հնարավոր բաղադրիչներից մեկը։
Քաղաքական հայտարարությունների գնահատականները կարող են տարբեր լինել, բայց մի բան ակնհայտ է. եթե Թուրքիայի խորհրդարանի նախագահն արդեն բացահայտ խոսում է Հայաստանի մասնակցությամբ Թուրքիայի գլխավորությամբ նոր տարածաշրջանային կենտրոնի մասին, ապա այդ հայտարարությունը չի կարելի անտեսել։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է Անկարան ընկալում այսօր ընթացող գործընթացները և ինչ տեղ է վերապահում Հայաստանին իր տարածաշրջանային ռազմավարության մեջ։



