Թուրք նախարարը հայտնել է, որ «Թուրքիան առաջիկ...

Առաջիկա ամիսներին թուրքական կողմը կսկսի Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն Ստամբուլից, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) Ստամբուլում ընթացող Մուլտիմոդալ տրանսպորտի եւ լոգիստիկայի ֆորումում։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ «Մենք հաղթահարել ենք որոշակի ճանապարհ Զանգեզուրի միջանցքի հարցում, եւ հավատում եմ, որ կարճ ժամանակում Ադրբեջանը, Թուրքիան եւ Հայաստանը շուտով կիրականացնեն այն»,- ընդգծել է նախարարը։

Հիշեցնենք, որ խոսքը Սյունիքի մարզով տրանսպորտային ճանապարհի մասին է։ Երեւանում հայտարարել են, որ կողմ են հաղորդակցությունների բացմանը, բայց այն պետությունների իրավասության ներքո, որոնց տարածքով այն անցնում է, եւ միջանցքի տրամաբանության մասին խոսք լինել չի կարող։ Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Բաքվում եւ Անկարայում նախընտրում են բնավ չհիշատակել նրա տարածքային պատկանելության մասին։