Տունս երկար ժամանակ եղել է Լիդիանի աշխատողներ...

Գնդեվազ գյուղի բնակիչ Թեհմինե Ենոքյանը, ով արդեն 8 տարի զբաղվում է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի խնդիրների բարձրաձայնմամբ և տեղացիների իրավունքների պաշտպանության հարցերով, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր տունը երկար ժամանակ եղել է Լիդիանի աշխատողների լրտեսության կիզակետում։ 6 ամիս տևած քննության արդյունքում բացահայտվել են ֆեյքերի ցուցակը և հանցավոր գործողությունները։

Թեհմինե Ենոքյանը դեպքի վերաբերյալ իր հոդվածում նշում է, որ 2018 թ Հուլիս-օգոստոս ամիսներին գտնվել է Գնդեվազ գյուղում՝ իրենց տանը` ակտիվորեն մասնակցելով Ամուլսարի հետ կապված համայնքային գործունեությանը.

«Այդ ընթացքում Ամուլսարի պահապաններին սատարելու նպատակով Ջերմուկ են ժամանել տարբեր քաղաքացիական, քաղաքական, մշակութային խմբեր ու անհատներ, որոնցից շատերը ինձ հետ են կապ հաստատել, որպեսզի օգնեմ հյուրընկալման և այլ հարցերում։ Եղել եմ նաև Նիկոլ Փաշինյանի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամ։ Հասարակական այս գործունեության համար բաց եմ արել Գնդեվազի իմ տան դռները, որպեսզի որոշ քննարկումներ տեղի ունենան իմ տանը, քանի որ Գնդեվազի համայնքային շենքում՝ գյուղապետարանում նման քննարկումներ անցկացնելու հնարավորություն այդ պահին չկար»-գրել է Թեհմինե Ենոքյանը:

Դրանից հետո  նրա նկատմամբ անձնական հետապնդում է սկսվել` ապօրինաբար հրապարակելով վեջինիս անձնական տվյալները: Ֆեյսբուքում Ամուլսարի շահագործման ջատագովությամբ զբաղվող մի օգտատեր՝ «Vahagn Hovhannisyan» անունով (այժմ արդեն ջնջված), սկսել է տարածել նրա տան, տուն մտած անձանց` գաղտնի արված լուսանկարները` այնպիսի մեկնաբանություններով, որոնք ըստ Թեհմինե Ենոքյանի` փաստացի  ոչ միայն վարկաբեկիչ են եղել, այլև ներխուժել են իր անձնական կյանք ու տարածք .

«Լուսանկարներից մեկը պատկերում էր Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանի պետհամարանիշներով մեքենան իմ տան դիմաց, իսկ նա Ջերմուկ համայնքի հետ աշխատանքային խմբում նրանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով հուլիսի 17-ին եկել էր Գնդեվազ գյուղ, հետո՝ Ջերմուկ քաղաք, և համայնքի անդամների հետ հանդիպումներից մեկի համար ես տրամադրել էի իմ տան տարածքը։ Գաղտնի արված լուսանկարի մեկնաբանությունները բոլորովին խեղաթյուրում էին իրականությունն ու վարկաբեկում ինձ»։

Պարզվել է, որ տունը մշտապես եղել է գաղտնի լուսանկարող ինչ-որ սարքի կիզակետում: Սեպտեմբերին դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել  Ոստիկանության, և հարուցվել քրեական գործ. 

«Եղեգնաձորի քննչական կոմիտեն և Ջերմուկի ոստիկանության բաժինը հարցաքննեցին տանս դիմացի հարևաններին և ստացան ինքնախոստովանական ցուցմունք առ այն, որ Աննա Ներսիսյանը (դիմացի տան բնակիչ, «Լիդիան Արմենիա»-ի աշխատակից) լուսանկարել է իմ տունը և ապօրինաբար հավաքագրել իմ կյանքին վերաբերող անձնական տվյալներ։ Լուսանկարները իր համագյուղացի Հռիփսիմե Խաչատրյանի («Լիդիան Արմենիա»-ի աշխատակից) միջոցով փոխանցվել են Հովսեփ Ասոյանին, ով Ամուլսարի հանքի շահագործման թույլտվություններ ստացած «Լիդիան Արմենիա»-ի աշխատակից է։ Գործի քննությունից ինձ հայտնի է դարձել, որ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կազմակերպված հետապնդում են իրականացրել իմ նկատմամբ և ապօրինաբար հավաքագրել տեղեկատվություն իմ մասին։ Ինքնախոստովանական ցուցմունքների համաձայն՝ Աննա Ներսիսյանը, ով ցուցմունք է տվել, թե իբր նպատակ է ունեցել ցույց տալ իմ ու Արթուր Գրիգորյանի միջև կապ, որը կարող էր մատնանշել Արթուր Գրիգորյանի ոչ օբյեկտիվ լինելը Ամուլսարի հարցում, Viber-ի միջոցով իմ ու իմ տան լուսանկարները Հռիփսիմե Խաչատրյանի «Viber»-ի հավելվածով ուղարկել է Հովսեփ Ասոյանին։ Վերջինս հայտնել է, թե ինքն է վարել «Vahagn Hovhannisyan» կեղծ անունով էջը, որտեղ էլ զետեղել է լուսանկարները ու մեկնաբանությունները։ Նշեմ, որ սեպտեմբեր ամսից, երբ սկսվեց գործի քննությունը, այս օգտատերը ջնջվեց ֆեյսբուքից»-գրել է Թեհմինե Ենոքյանը:

Քննության արդյունքում բացահայտել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի հարցում սոցիալական ցանցերում ակնհայտորեն «Լիդիան Արմենիա»-ին սպասարկող օգտատերերի, իսկ փաստացի կեղծ օգտատերերի միջոցով հանրային կեղծ կարծիք ստեղծելու ՓԻԱՌ գործողությունների հետևում կանգնած են «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները և ամենայն հավանականությամբ՝ հենց ինքը՝ ընկերությունը։ ՀՀ քննչական կոմիտեն, այդուհանդերձ, կարճել է գործը այն հիմքով, թե Թեհմինե Ենոքյանը հասարակական գործունեություն է ծավալել, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքի դրույթներ են կիրառելի այդ լուսանկարների հրապարակման առնչությամբ, և գործը ենթակա է կարճման հանցակազմի բացակայության պատճառով։

Թեհմինե Ենոքյանը հակառակն է պնդում և բողոքարկել է կարճման մասին որոշումը ՀՀ գլխավոր դատախազություն: Politik.am-ի հետ զրույցում էլ նա ասաց, որ այն հոդվածը, որով որ կարճվել է գործը իր վրա չի կարող տարածվել, քանի որ ինքը պետական պաշտոնյա չէ: Ինչպես նաև չեն պարզվել որոշ հանգամանքներ` պարզած չէ  Լիդիանն է հրաման տվել, թե ինքնուրույն են որոշել լրտեսություն անել:

Աննա Հովհաննիսյան