«Կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում արդիականացնել ագրոբիզնեսը»- այս մասին հաղորդագրությամբ տեղեկացնում է Գյուղատնտեսության նախարարությունը:
Ծրագրի շրջանակներում, ըստ հաղորդագրության, հնարավոր է ձեռք բերել անասնաբուծության, մեղվաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ջերմոցային և սառնարանային տնտեսություններում, սպանդանոցներում, ագրովերամշակող արդյունաբերութան և ագրոպարենային այլ ոլորտներում օգտագործվող ցանկացած սարքավորում, ինչպես նաև կաթի մթերման կայաններ։
Lիզինգը տրամադրվում է դրամով, մինչև 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս: Ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 450 մլն դրամը:
Այսինքն` ծրագրի պայմանները հետևյալն են`
- 4 % տարեկան տոկոսադրույք,
- մինչեւ 8 տարի մարման ժամկետ,
- 20 % կանխավճար։
Ըստ գյուղնախարարության` սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին ծրագիրը կտրամադրվի 0% տոկոսադրույքով:
Politik.am-ի հետ զրույցում ՀՀ ԳՆ ագրովերամշակման զարգացման վարչության պետն ասաց, որ ծրագրի համար սահամանված ժամկետային սահմանափակում չկա: Պարզապես ծրագիրը պորտֆել ունի, եթե դիմողները շատ լինեն, և դրա գումարը սպառվի, հետևաբար հաջորդ դիմողը պետք է սպասի եկող տարվա պորտֆելից օգտվելուն: Սակայն այս պահի դրությամբ պորտֆելում բավարար գումար կա, և նման խնդիր չի առաջանա:
Վարչության պետը ավելացրեց` սա ամենաակտիվ ծրագրերից մեկն է, դիմողներն էլ շատ են:
Աննա Հովհաննիսյան



