Ծիծեռնակաբերդի բարձունքում 250 ծառ կտնկվի

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում մեկնարկել է կանաչապատման երրորդ փուլը: Ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 250 ծառ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը:

«Ծառերը տեղադրել ենք փակ արմատային համակարգով, բայց ամառվա շոգին նույնիսկ այդ դեպքում հնարավոր է` կորուստներ լինեն։ Չնայած դրան, այսօր ես մոնիտորինգ եմ արել և կարող եմ ասել, որ շուրջ 85-90 տոկոս կպչողականություն ենք ապահովել»,-ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը:

Անտառային գոտին կարգի բերելու գործում 160 աշխատակից է ներգրավված: Տարածքից տեղափոխվել է ավելի քան 400 մեքենա աղբ:

Հաջորդ ծառատունկն աշնանը կլինի։