Aravot.am-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ՝ ապրիլի 15-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու Անի թաղամասի «Հակոբ Մծբնեցի» եկեղեցու բակում։
Ժամը 24․00-ի սահմաններում ոստիկանություն է ահազանգել մի քաղաքացի՝ տեղեկացնելով, որ եկեղեցու հետնամասում իրար են ծեծում։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ու պարեկային ծառայության կարգախումբը պարզել են, որ այդ նույն թաղամասի 45-ամյա բնակիչներից մեկը մոտ մեկ ժամ առաջ վարորդներից մեկին զգուշացում է կատարել «Opel» մակնիշի մեքենան անկանոն վարելու համար, որից հետո վարորդը և երկու ուղևորները իջել են ավտոմեքենայից ու ձեռքերով-ոտքերով հարվածներ են հասցրել նախազգուշացնող տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։
20-ամյա դուստրը, տեսնելով, որ երեք երիտասարդներ ծեծում են իր հորը, փորձել է միջամտել, դադարեցնել ծեծկռտուքը, սակայն երիտասարդներից մեկն այնպես է հարվածել նրան, որ աղջիկը վայր է ընկել՝ աջ ծնկի շրջանում ստանալով վնասվածքներ։ Հայրը դիմել է ոստիկանություն, ոստիկանության «Մուշ» բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, թե ովքեր է վիճաբանել ու հարվածել 45-ամյա տղամարդուն՝ իր իսկ տան բակում «Opel» մակնիշի մեքենան անկանոն վարելու ու զգուշացում ստանալու պատճառով։
Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկել «Opel» մակնիշի մեքենայի 30-ամյա վարորդին ու նրա ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ։
Այս գործը քննվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։



