
Պետական ոչ մի աջակցություն չկա, արտադրողի կողքին ոչ ոք կանգնած չէ: Այս մասին ՍԱՏՄ ղեկավարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված տնտեսավարողներից մեկը: Նրա խոսքով՝ չկա որևէ պետական կառույց, որ նախապես տեղեկացնի արտադրողին՝ վարկ չվերցնել, ծաղիկ չներմուծել Հոլանդիայից, կամ աշխատող չպահել նման դեպքերից խուսափելու համար:
«Հունիս ամիսն է եկել, պարզվում է՝ մեր ծաղիկը չի համապատասխանում Ռուսաստանի ֆիտոսանիտարական «контроль»-ին։ Անցյալ 15 տարիներին, նույնիսկ իմ հետ դեպք է եղել, որ իրականում իմ ծաղիկը եղել է վնասատուներով, այրել են, «штраф» են արել ու երկրորդ անգամ տարել եմ, անցել է, բայց հիմա սա կրում է համատարած բնույթ»:
Նրա համոզմամբ, եթե որևէ արտադրողի ծաղիկը խնդիր ունի՝ հենց նա էլ պետք է պատժվի, ոչ թե ամբողջ հանրապետությունը։ Նույն մեքենայի մեջ, եթե մի քանի արտադրողի ծաղիկ է գտնվում, ամբողջ խմբաքանակը կարող է մերժվել: «Ես հարցնում եմ՝ եթե մի մեքենայի մեջ մի քանի արտադրողի ծաղիկ է գնում, այդ ամբողջ խմբաքանակն է այրվելու՞։ Ասում են՝ այո»։
Մյուս մտահոգիչ կետը՝ ծաղկի որակի ֆիտոսանիտարական տարբեր գնահատականներն են։ Ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված տնտեսավարողը հարց է բարձրացնում՝ իր ստուգված ծաղիկը, որը հաստատվում է Հայաստանի կողմից, բայց Ռուսաստանը չի ուզում ընդունել, ենթադրենք, ասում է, որ ծաղիկի վրա թրիպս կա, ի՞նչ է լինելու:
Նրա խոսքով, պարզ տրամաբանությամբ Հայաստանում ստուգումը անցած ծաղիկը կարող է Ռուսաստանի սահմանին չընդունվել։ Այդ պարագայում ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Եվ, միաժամանակ, կան ենթադրություններ քաղաքական ենթատեքստի վերաբերյալ։
«Երբ համատարած չեն թողնում, ուրեմն դա քաղաքական է։ Թե ինչու է քաղաքական՝ ես չեմ կարող պատասխանել, ես քաղաքական գործիչ չեմ»:
Այս ամենի ֆոնի արտադրողները մնում են միայնակ՝ առանց խնդրի լուծման հստակ ճանապարհի։ Արտադրողներից մեկը աջակցության ակնլալիքի մասին երկար չի խոսում, ասում է՝ «Եղունգ ունես՝ գլուխդ քորի»: