Ծաղկաձորում թատրոնի շենք կկառուցվի․ կառավարու...

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 6-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի Ծաղկաձորում՝ Կեչառիս վանական համալիրի մոտ, թատրոնի շենք կկառուցվի։  Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում։

Նախկինում համալիրի հարակից տարածքում եղել է գիշերօթիկ դպրոց, որը 1990-ական թվականներից չի գործում։ Տարածքում կան 5 շինություններ, որոնք անմխիթար վիճակում են և շահագործման ենթակա չեն։ Նախատեսվում է ապամոնտաժել գոյություն ունեցող շինությունները և տեղում կառուցել մինչև 3 վերգետնյա հարկերով երկու մասնաշենք։

Առաջին մասնաշենքը կծառայի որպես Ծաղկաձորի համայնքապետարանի վարչական շենք, իսկ մյուս մասնաշենքը կլինի թատրոնի համար։

Մինչև 2029 թվականի ավարտը պետք է կառուցվեն ոչ միայն համայնքապետարանի և թատրոնի շենքերը, այլև ավտոկայանատեղի 110-200 մեքենաների համար, ինչը կնպաստի նաև համայնքի կենտրոնական փողոցների բեռնաթափմանը։ Բացի այդ, կառուցվելու է քաղաքային զբոսայգի՝ մանկական խաղահրապարակով, հեծանվուղիով և մշակութային միջոցառումների կազմակերպման բացօթյա բեմահարթակով։

Ըստ որոշման հիմնավորման՝ ծրագրի իրականացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, կունենա ժամանակակից և քաղաքակիրթ համայնքային կառավարման կենտրոն։

Ծաղկաձոր համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ են լինելու ֆինանսական մեծ միջոցներ, որոնք համայնքը կարող է տրամադրել իր սեփական ռեսուրսներից: