Ծանոթ-անծանոթ մրցակից. «Ալաշկերտը» այսօր կհյո...

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Ալաշկերտն» այսօր կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տնային հանդիպումը: Մեր թիմը «Հանրապետական» մարզադաշտում կհյունընկալի Ֆինլանդիայի անցած տարվա չեմպիոն ՀԻԿ-ին:

«Ալաշկերտի» մրցակիցն այնքան էլ անծանոթ չի հայ ֆուտբոլասերների համար: Դեռևս 1996-97թթ մրցաշրջանում Երևանի «Փյունիկը» ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլի շրջանակում հանդիպել է ՀԻԿ-ի հետ: Երևանում կայացած խաղն ավարտվել է մեր թիմի հաղթանակով` 3:1: Պատասխան մրցավեճում ֆիննական ակումբը լրացուցիչ ժամանակում հաղթել է 4:1 հաշվով և մտել հաջորդ փուլ:

1998-99թթ մրցաշրջանում Ֆինլանդիայի բազմակի չեմպիոնն ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում արդեն մրցել է «Երևանի» հետ: Հայաստանում կայացած առաջին խաղում ֆինն ֆուտբոլիստները հաղթել են 2:0, իսկ սեփական դաշտում` 3:0 հաշվով:

Հաջորդ մրցաշրջանում ՀԻԿ-ի հետ ուժերը չափել է արդեն Գյումրիի «Շիրակը»: Երևանում կայացած առաջին խաղում շիրակցիները հաղթել են` 1:0, սակայն պատասխան մրցախաղում պարտվել են 0:2 հաշվով և դուրս մնացել պայքարից:

 Եվ ահա, 22 տարի անց ՀԻԿ-ը կրկին անգամ մեր հյուրն է: Անցած այդ տարիների ընթացքում թիմը 11 անգամ դարձել է Ֆինլանդիայի չեմպիոն (վերջինը` 2020 թվականին), 8 անգամ տիրել  երկրի գավաթին (2020թ), մեկ` Լիգայի գավաթին (2015թ): ՀԻԿ-ը նախկինում մեկական անգամ մասնակցել է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների և Եվրոպայի լիգայի խմբային փուլերին:

Ընթացիկ մրցաշրջանում ֆինները նախ չեմպիոնների լիգայի որակավորման փուլում հաղթել են Չեռնոգորիայի «Բուդուչնոստին» (3:1, 4:0), ապա զիջել շվեդական «Մալմյոյին» (2:2, 1:2):

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում ՀԻԿ-ը պայքարից դուրս է թողել Բաքվի «Նևթչիին» (3:0, 2:2), իսկ ահա փլեյ-օֆֆում զիջել է թուրքական «Ֆեներբախչեին» (2:5, 0:1):

 

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Ալաշկերտ» - ՀԻԿ հանդիպումը կսկսի ժամը 20:45-ին: