Գարեգին Բ–ն Լաս Կասասի սոցիալական արդարության...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող դոկտոր Հյուգո Սլիմին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայոց Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական խնդիրներին, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված քայլերին։

Կարևորվել է քրիստոնեական Եկեղեցիների, գիտական շրջանակների և մարդասիրական կառույցների գործակցությունը՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Բլեքֆրայերս Հոլի ու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի միջև համագործակցության ընդլայնման, արցախահայության իրավունքների ու հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ ակադեմիական հետազոտությունների կազմակերպման և Օքսֆորդում գիտաժողովների անցկացման շուրջ։ Քննարկվել են նաև Բլեքֆրայերս Հոլում հոգևորականների ուսումնառության և հետազոտական աշխատանքի հնարավորությունները։