Թրամփը սահմանափակում է փոստով քվեարկությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի՝ մարտի 25-ին, հրամանագիր է ստորագրել, որը խստացնում է ամերիկյան նահանգներում ընտրողների գրանցման նկատմամբ վերահսկողությունը և սահմանափակում փոստով քվեարկությունը:

Նախագահի այս քայլը անակնկալ չէր, քանի որ նա շարունակ իր բողոքն է հայտնել ներկայիս կարգավորումների դեմ։

Սրա պատճառով ԱՄՆ նախագահն այդպես էլ չի ճանաչել 2020 թվականի նախագահական ընտրություններում իր պարտությունը Ջո Բայդենից և դատապարտել է ընտրությունների զանգվածային կեղծիքները, հատկապես փոստով քվեարկության ժամանակ, մի մեթոդ, որը լայնորեն օգտագործվում է Միացյալ Նահանգներում:

«Գուցե ոմանք կարծում են, որ ես չպետք է բողոքեմ, քանի որ անցյալ տարվա նոյեմբերին մենք համոզիչ հաղթանակ ենք տարել։ Բայց մենք պետք է շտկենք մեր ընտրությունները։ Այս երկիրը հիվանդ է կեղծ ընտրությունների պատճառով։ Եվ մենք պետք է այս կամ այն կերպ շտկենք դա»,- ասել է Թրամփը հրամանագրի ստորագրման ժամանակ։

Հրամանագրի համաձայն՝ պետական մակարդակով քվեարկության համար գրանցվելիս անհրաժեշտ կլինի ներկայացնել ԱՄՆ քաղաքացիության ապացույց, օրինակ, անձնագիր կամ վարորդական իրավունք։ 

Դաշնային ընտրություններում քվեարկելու իրավունք ունեն միայն ԱՄՆ քաղաքացիները, սակայն ոչ բոլոր նահանգներն են պահանջում նման փաստաթղթեր․ որոշ վայրերում օգտագործում են ընտրողի ինքնությունը ստուգելու այլ մեթոդներ: